Մեզ պատերազմ է հայտարարված, լայնածավալ և դաժան պատերազմ, որտեղ թշնամին չի ուզում հաղթել մեզ, թշնամին ուզում է մեզ ոչնչացնել։ Ադրբեջանն ուզում է Արցախը՝ առանց արցախահայության. խորհրդարանում իր ելույթն այսպես սկսեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Ադրբեջանը չէր սպառնա ոչնչացնել ատոմակայանը, գրավել Երևանը, չէր սպանի քնած սպային, չէր կտրի մահացած ծերունու ականջները Թալիշում։ Մեզ հայտարարված է պատերազմ, որտեղ թշնամու նպատակը յուրաքանչյուրիս մահն է, չգոյությունը։ Ուրեմն դրված է հայ ժողովրդի գոյության հարցը, և մենք չունենք ընտրություն, այլընտրանք չկա։
Պետք է կռվել հրով, սրով, հնարավոր ու անհնար ձևերով պիտի կռվենք, որ ապրենք, որ ապրեն մեր երեխաները, որ հայ ժողովուրդը շարունակի մոլորակի վրա իր գոյությւոնը։ Իրավիճակը մեզ համար նոր չէ․ Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տես․․․ Եթե երբևէ մոլորակի մայրամուտը տեղի ունենա, ապա մենք՝ որպես առանձին և անկախ էթնիկ միավոր, լինելու ենք այդ մայրամուտը դիմավորողներից մեկը։
Մենք եղել ենք և շարունակելու ենք ապրել, բայց դրա համար պետք է կռվենք։ Մեկ անգամ ևս հավաստում եմ՝ Արցախի ազատությունը և առավել ևս ֆիզիկական անվտանգությունը, Հայաստանի անկախությունն ու ազատությունը, հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը չեն սակարկվում և չեն սակարկվելու»,- նշեց Միրզոյանը։