Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Ադրբեջանական զորքերը ժամը 07:10-ին հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։ 1lurer.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը նշեց, որ վերջին երկու-երեք օրվա ընթացքում ադրբեջանական քարոզչադաշտում հստակ նկատել է միտում հրապարակումների, որ պատրաստվում ենք վերջնական ճակատամարտի:
«Բազմաթիվ նման տեսահոլովակներ են հրապարակվել: Բնականաբար, և՛ Ալիևի ելույթը ՄԱԿ-ում, և՛ դրան նախորդած ելույթները վառ ցույց էին տալիս, թե Ադրբեջանն ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել և պատրաստ չէ շարունակել խաղաղ բանակցային գործընթացը»,- ասաց Հայրապետյանը:
Համացանցում նաև տեսանյութ է տարածվում, որ Ադրբեջանի հարձակումից րոպեներ անց ռազմաճակատից ուղիղ եթերով խոսում էր Թուրքիայի TRT Haber հեռուստաընկերության լրագրող Ֆաթիհ Ավանոսը, և դիտարկումներ են շրջանառվում, որ դրանով ի ցույց է դրվում, որ Թուրքիան անուղղակի մասնակցություն ունի:
Մինչդեռ Տաթևիկ Հայրապետյանը շեշտեց, որ հայկական կողմը պետք է այդ առումով բավականին զգուշավոր լինի, քանի որ նրանք լրացուցիչ ցանկանում են այդ տպավորությունը ստեղծել, որ Թուրքիան անմիջականորեն ներգրավված է գործընթացներում:
«Բնականաբար Թուրքիան դիրքավորվել է որպես Ադրբեջանին քաջալերող և սատարող երկիր, բայց ուղղակի մասնակցության մասին Ադրբեջանը փորձում է նման քարոզչական շղարշ ստեղծել, և մենք պետք է այդ առումով բավականին զգուշավոր լինենք: Հասկանալի է, որ Արցախի ուղղությամբ ագրեսիան ամբողջությամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական պատասխանատվության ներքո է իրագործվում»,- ասաց Հայրապետյանը՝ կոչ անելով հետևել պաշտպանության նախարարության պաշտոնական հրապարակումներին: