Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում՝ հատուկ նիստի ժամանակ, նշեց, որ մեզնից շատ ամուր կամք է պահանջվում, վճռականություն, հետևողականություն, որը մենք ունենք։
«Ընթանում են մարտական գործողություններ, շատ լայնամասշտաբ ռազմական գործողություններ, և մենք պետք է հասկանանք, որ սա պարզ իրավիճակ չէ, սա ֆիլմ չէ, որտեղ անպայման դրական ավարտ է լինում. այդ դրական ավարտը մենք պետք է ապահովենք՝ քայլելով կրակի միջով, սրի միջով, անհավանականության միջով, հուսահատության միջով, որովհետև դա է հաղթանակի մնացած ճանապարհը։ Մյուս բոլոր ճանապարհներն ուղղակի հետաձգում են, խուսանավում, հետո էլի հետաձգում․․․ Պետք է մի անգամ կանգնենք և պաշտպանենք ինքներս մեզ, պաշտպանենք մեր իրավունքները՝ չլինելով դեստրուկտիվ, չլինելով մոլագար, չկորցնելով միջազգային հանրության անդամի պարտականությունների և իրավունքների մասին պատասխանատվությունը։
Մենք պետք է ճիշտ արձանագրենք։ Եվ ուզում եմ արձանագրենք ևս մեկ բան։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Եվ չկա հաղթանակ, որը նախ՝ քո հոգում և մտքում չի ծնվում, չկա հաղթանակ, որը չի ծնվում յուրաքանչյուր անհատի և մեր հավաքական մտքի և գիտակցության մեջ։ Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի, և ինչ էլ լինի, մենք չենք դադարի պայքարել, մենք չենք դադարի ընթանալ, մենք չենք դադարի պայքարել հանուն մեր հաղթանակի, հանուն մեր ազգային հաղթանակի, հանուն Հայաստանի հաղթանակի, հանուն Արցախի հաղթանակի, հանուն Վազգեն Սարգսյանի հաղթանակի, հանուն Մոնթեի հաղթանակի, հանուն Մովսես Գորգիսյանի հաղթանակի, հանուն Ջիվան Աբրահամյանի հաղթանակի։
Այսօր մենք ունենք կենդանի հերոսներ։ Հանուն Ռուբեն Սանամյանի հաղթանակի, հանուն Ապրիլյան քառօրյայի նահատակ տղերքի հաղթանակի, եկեք պայմանավորվենք, որ մենք երբեք մեզ, այլևս ինչ էլ լինի, եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք վերջնական և անշրջելիորեն, մենք մեզ պարտված չենք ճանաչի, չենք դադարեցնի մեր երթը դեպի հաղթանակ, հանուն ճշմարտության, հանուն ապագայի և հանուն օրինականության:
Եվ եթե այսպես վարվենք, մենք կհաղթենք, ես ձեզ երաշխավորում եմ»,- ասաց վարչապետ Փաշինյանը։