«Պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարներին․ կարճաժամկետ, երկարաժամկետ և միջնաժամկետ պատերազմի։ Չեմ կարող գնահատական տալ։ Այն, որ լայնածավալ է, և որ Ադրբեջանն օգտագործել է իր ամբողջ զորքն ու ռազմական տեխնիկան, ինչ ունի ձեռքի տակ, դրա վառ ապացույցն է, մնացածը՝ իրավիճակից ելնելով»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նախագահն անդրադարձավ միջազգային հանրության անդրադարձին՝ նշելով, որ երևում է ոչ միայն թուրքական զինամթերքի օգտագործումը, այլև Թուրքական իշխանություններն անթաքույց հայտարարում են Ադրբեջանին իրենց աջակցությունը։
«Ինչպե՞ս կարող եմ համարել բավարար։ Հակառակը՝ կհամարեմ անբավարար։ Սա Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության տիրույթից արդեն դուրս է վաղուց»,- նշեց Հարությունյանը։
Նախագահը հայտնեց, որ կան դիրքեր, որոնք առավոտյան կորցրել ենք, բայց արդեն հետ ենք վերցրել, կան դիրքեր, որ կորցրել ենք, բայց հետ չենք վերցրել դեռ։
«Լայնածավալ պատերազմի ժամանակ լինում են դեպքեր, որ դիրքերն այնքան էլ չեն կարևորվում։ Հետ ենք վերցրել թե չէ՝ այս փուլում այդքան էլ կարևոր չէ, բանակը մարտունակ է։ Պատերազմի ժամանակ բոլոր կողմերի համար կարևոր է լինում կաթվածահար անել բանակի մատակարարումը, ուժերը: Խանգարել իրականացնելու պաշտպանական խնդիրները թշնամուն չի հաջողվել։ Սա ամենամեծ ձեռքբերումն է։ Եվ դրա համար մենք հաղթելու ենք։ Ես կհամարեմ, որ Ադրբեջանի առաջին օրվա խնդիրը չի կատարվել, մեզ հաջողվել է կատարել նվազագույնը, իհարկե»,- նշեց Արայիկ Հարությունյանը։