Սա պատերազմ է՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում իր ելույթը սկսեց այսպես։
«Ադրբեջանը օգտագործում է իր զինուժում եղած բոլոր 300 և ավելի մեծ տրամաչափի համազարկի ռեակտիվ կայանքները։ Մենք հետքայլի տեղ չունենք։ Այո, բոլորս ենք պատրաստ զոհվել հանուն Արցախի և հանուն Հայաստանի։ Բայց ես կարծում եմ, որ բոլորս պետք է ապրենք հանուն Հայաստանի և Արցախի»,- նշեց պատգամավորը՝ հայտնելով, որ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ՝ արդեն դիմել է միջազգային բոլոր կառույցներին և իրեն չի բավարարում միջազգային կառույցների «հեզաճկուն» դիվանագիտական ձևակերպումներն ու կողմերի միջև հավասարության նշան դնելու գործելաոճը։
Զոհրաբյանի խոսքով՝ մենք մեզ խաբել ենք՝ չքննարկելով Արցախի ճանաչման հարցը Հայաստանի կողմից և հարցը հետաձգել, որովհետև դա կարող է առավել սրել իրավիճակը։
«Ադրբեջանը խախտել է, թքել է միջազգային բոլոր պայմանագրերի վրա, իր իսկ ստորագրած կոնվենցիաների վրա, էլ ինչ պիտի անի, որ մենք ասենք, հարգենք միջազգային հանրության տեսակետը։ Ես առաջարկում եմ՝ հենց այս պահին համարել մեկնարկած Արցախի ճանաչման գործընթացը։ Այսօր ուժեղ աշխարհի դար է, մենք հոգնել ենք, բավական է, չի կարելի, մենք գործ ունենք թշնամու հետ, որի հետ խաղաղության լեզվով խոսել հնարավոր չէ։ Եկեք ամեն ինչ մի կողմ դնենք, մենք այսօր ունենք մեկ միասնական թշնամի՝ դա Ադրբեջանն է Թուրքիայի հետ միասին, և միջազգային հանրությունը պետք է գնահատական տա Թուրքիայի մասնակցության գործընթացին»,- նշեց պատգամավորը։