ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ ադրբեջանցի հաքերների կողմից հայկական կայքերը շարքից հանելու դեպքերին: Նա տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է։
«Մինչև ունեցանք ցուցակ, և համացանցում սկսեց պտտվել, թե որ կայքերն են տուժել, կայքերի կեսից շատը մեր համապատասխան ծառայությունները՝ պետական ծառայությունները, մեր գործընկերները, շատ արագ արդեն վերականգնել էին, և այդ պրոցեսն ընթացքի մեջ է»,- ասաց Հովհաննիսյանը։
Ըստ Հովհաննիսյանի, շատ դեպքերում ուղղակի գերբեռնված աշխատանքի գործընթացները ևս դիտարկվում են որպես հաքերային հարձակումներ։
«Հաքերային հարձակումներ եղել են այսօր։ Պատերազմն ընթանում է չորս հարթությունների մեջ։ Սա պետք է հասկանանք մեկընդմիշտ։ Այդ հարթության մեջ ևս ընթանում են մարտական գործողություններ՝ իրական թե կեղծ՝ ինչպես ուզում եք դիտարկեք, և այդ հարթության մեջ մենք ևս պետք է և պաշտպանվենք և հարձակվենք և ինտենսիվ աշխատենք, 24 ժամ չքնենք»,- ասաց Հովհաննիսյանը: