ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի կողմից վաղաժամ պլանավորած գործողությունների մասին հարցին՝ նշելով, որ ադրբեջանական պաշտոնական լրահոսում հայտնվել էր ինֆորմացիա, թե իբր հայկական կողմը կատարել է սադրանք, և թե իրենք իբր պատասխանում են մեզ։
«Բայց մեր մասնագետների կողմից, մեր գործընկերների կողմից ներկայացվեցին բազում փաստեր օրեր առաջ ադրբեջանական լրահոսում երևացող տարատեսակ պլանավորած գործողությունների վերաբերյալ, Թուրքիայի և Ադրբեջանի հաղորդակցության նյութերի վերաբերյալ, նաև այսօր առավոտյան գործողություններից րոպեներ անց ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների ինտենսիվ աշխատանքը բուն մարտական գործողությունների շրջանից։
Դրանից հետո Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունն այն մասին, թե իրենք իբր մեր գործողություններից հետո անցնում են լայնամասշտաբ հակահարձակվողական օպերացիայի, այս ամեն ինչը գալիս է ապացուցելու, որ Ադրբեջանն այս ամենը պլանավորել էր մանրակրկիտ։ Հնարավոր չէ մեկ օրում, մեկ ժամում օպերացիա պլանավորել, հնարավոր չէ մեկ րոպեում հասնել առաջնագիծ, և այդ ապացույցները բազում են։ Այդ փաստերը կհավաքենք և ամբողջական կներկայացնենք»,- նշեց Հովհաննիսյանը՝ Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ։