ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց՝ Ադրբեջանի զինուժն այսօր՝ ժամը 07:10-ի սահմանում, լայնածավալ հարձակում է սկսել Արցախի հետ սահմանի ամբողջ երկայնքով՝ կիրառելով նաև հրթիռներ:
«Նաև թիրախավորվել է խաղաղ բնակչությունը: Մենք արդեն ունենք զոհեր խաղաղ բնակչության շրջանում: Այդ մասին հաղորդել է Արցախի ՄԻՊ-ը: ԱԳՆ-ն արդեն տարածել է հայտարարություն, որը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան»,- ասել է Աննա Նաղդալյանը:
Նրա խոսքով՝ հայկական կողմերը՝ Հայաստանը և Արցախը, հնարավորությունների սահմանում կանեն ամեն ինչ՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը և համարժեք արձագանքելու Ադրբեջանի ագրեսիային:
«Ադրբեջանի ռազմական և քաղաքական ղեկավարությունը կրելու է ամբողջ պատասխանատվությունն Արցախի դեմ իրականացվող ագրեսիայի համար: Առավոտից նախարարը կապ է պահել ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների հետ: Նա նաև հեռախոսազրույցներ է անցկացրել իր գործընկեր ԱԳ նախարարների հետ: ՀՀ արտգործնախարարը զրուցել է Ռուսաստանի, Վրաստանի, Լիտվայի ԱԳ նախարարների հետ:
Դիվանագիտական ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, և մենք բազմակողմ և երկկողմ ձևաչափերով տեղեկացնում ենք իրավիճակի, Ադրբեջանի ագրեսիայի և այդ ագրեսիային հայկական կողմի գնահատականի վերաբերյալ»- հավելել է Նաղդալյանը: