Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց, որ այսօր՝ վաղ առավոտից, Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել առաջնագծի երկայնքով, նաև խորքում գտնվող բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ ծանր հրետանի և օդուժ է կիրառել:
Նա նշեց, որ հատկապես հարվածային անօդաչու թռչող սարքեր են կիրառվել, և դրա հետևանքով բազմաթիվ վնասներ են եղել, կան զոհեր քաղաքացիական անձանց շրջանում:
«Այս պահի դրությամբ, նախնական տվյալներով, 30-ից ավելի վիրավոր կա քաղաքացիական բնակչության շրջանում, բայց կարծում եմ՝ թիվն անընդհատ մեծանալու է: Մեր նախնական տվյալներով՝ ավելի քան 50 բնակավայր թիրախի տակ է եղել ադրբեջանական հրետակոծությունների և ԱԹՍ-ների հարվածների ժամանակ, և այդ բնակավայրերի մեջ, ներառյալ բոլոր քաղաքները, խոշոր բնակավայրերը՝ Ստեփանակերտը, Շուշին, Մարտունին, Ասկերանը, Մարտակերտը, Հադրութը, Բերձորը, Քարվաճառը, բոլոր շրջկենտրոններն անխտիր, հարվածի տակ են եղել: Դրա հետևանքով դեռևս մեր փաստահավաք առաքելությունը համապատասխան փաստերը ճշգրտում է: Հավանաբար, օրերի ընթացքում պատկերն ավելի հստակ կլինի»,- ասաց Բեգլարյանը՝ տեղեկացնելով, որ համապատասխան արտահերթ զեկույցով հանդես կգան և կներկայացնեն բոլոր ապացույցները՝ հստակ անուններով, վայրերով, հետևանքներով և այլն:
«Նշեմ, որ առնվազն այս պահի դրությամբ մի քանի հարյուր անշարժ գույքի և ենթակառուցվածքների վնասվածքներ կան ամբողջ հանրապետությունում, ներառյալ ճանապարհներ, էլեկտրագծեր, գազի խողովակներ, ջրատար խողովակներ, նաև բնակարաններ, որոնց հետևանքով մեր քաղաքացիական զոհերն ու վիրավորներն են արձանագրվել»,- ասաց Բեգլարյանը՝ շեշտելով, որ դրանք ակնհայտորեն ցույց են տալիս, որ նպատակային և հասցեական կերպով Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը: Այս բնակավայրերը, որոնց մասին նշեցի, բավական հեռավորության վրա են գտնվում ռազմական օբյեկտներից, և Ադրբեջանը չի կարող ասել, որ իրենք ռազմական օբյեկտներն են թիրախավորել: