Ուկրաինայի հայերի միությունը հայտարարություն է տարածել Արցախի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը:
«Հայաստանի ԱԳՆ-ի աղբյուրների համաձայն, սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը սկսել է ինտենսիվ մարտական գործողություններ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով: Թիրախավորվել են խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է Ադրբեջանի ղեկավարության ագրեսիան և կոչ է անում համայնքին չտրվել սադրանքներին և դիտարկել ինֆորմացիայի միայն վստահելի աղբյուրները: Մենք կարծում ենք, որ ներկայում, երկրի համար դժվարին պայմաններում, բոլոր հայերը պետք է կանգնեն իրենց պատմական Հայրենիքի կողքին»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ավելի վաղ, մոտ երկու ամիս առաջ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության հետևանքով Ուկրաինայում արձանագրվեցին անօրինական գործողություններ հայ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: «Կոչ ենք անում լինել զգոն և հայտնել մեզ, եթե նման կոնֆլիկտի ականատես լինեք»,- ասված է հաղորդագրության մեջ: