ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ռազմական գործողությունների վերաբերյալ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս առավոտ ադրբեջանական զինուժը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կրակ բացելով նաև խաղաղ բնակչության վրա:
Ապրիլյան պատերազմից 4 տարի անց՝ հերթական անգամ արձանագրելով սեփական ապակառուցողական և ագրեսոր էությունը, Ադրբեջանի իշխանությունը պատերազմ է պարտադրում Արցախի ազատատենչ ժողովրդին:
Ռազմական ագրեսիայի ողջ պատասխանատվությունը կրում է պաշտոնական Բաքուն:
Այս վճռական պահին Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը համերաշխության և միասնության կոչ է անում մեր բոլոր հայրենակիցներին` վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ կանգնելու հայրենիքի, պետության և հայ զինվորի կողքին:
Նենգ թշնամու կողմից պարտադրված պայքարում այլևս յուրաքանչյուրս մեր հայրենիքի պաշտպանն ենք: Մենք պարտավոր ենք սթափ գնահատել ստեղծված իրավիճակը և լինել մեր բանակի կողքին, նրա շարքերում, նաև ամուր թիկունք լինել` անկախ քաղաքական տարաձայնություններից:
Քանի որ Հայրենիքն ամենաթանկն է, և նրա պաշտպանությունը վեր է ամեն ինչից,
ՀՀԿ-ն ներդնում է իր ողջ ներուժը, այդ թվում՝ փորձառությունն ու դիվանագիտկան կապերը՝ սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին:
Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում երբեք: Աստված պահապան մեր ժողովրդին և արդար պայքարին»,- ասված է ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարության մեջ: