ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասուլիսի ընթացքում անդրադարձավ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքին: Նա տեղեկացրեց, որ դիվանագիտական ծառայությունն այս պահի դրությամբ աշխատում է արտակարգ ռեժիմով:
«Մեր դեսպանների կողմից Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրության վերաբերյալ արդեն իսկ համապարփակ տեղեկատվություն է փոխանցվել համապատասխան երկրների գերատեսչություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին: Բոլորը տեղեկացվել են տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև հայկական կողմերի գնահատականներին»,- ասաց Նաղդալյանը:
Նա նաև նշեց, որ առավոտից ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է Մինսկի խմբի համանախագահների հետ: Կապի մեջ է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի, Վրաստանի ու մի շարք գործընկերների հետ, որոնց պարբերաբար տրամադրվում է տեղեկատվություն իրավիճակի մասին:
«Այս պահին այն արձագանքը, որ մենք ստանում ենք, հետևյալն է՝ անհապաղ դադարեցնել բոլոր գործողությունները, և մեր առաջնային խնդիրը իրադրության դեէսկալացիան է՝ լարվածության թուլացումը»,- ասաց Նաղդալյանը:
ԱԳՆ մամուլի խոսնակի խոսքով՝ այս պահին գործընկերների հետ ունեն լիակատար փոխըմբռնում, որ պետք է նախևառաջ քայլեր ձեռնարկվեն իրադրության լարվածության նվազեցման ուղղությամբ: