Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում տեղի է ունենում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ասուլիսն արցախա-ադրբեջանական շփման գոտու ամբողջ երկայնքով այսօր վաղ առավոտյան հակառակորդի սանձազերծած հարձակման թեմայով։
«Ինչպես հայտարարել ենք, այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ հրետակոծությամբ, օդային միջոցների կիրառմամբ և ցամաքային զորքերով անցել են ռազմական հարձակման տարբեր ուղղություններով։ Մարտական գործողություններն այս պահին էլ են ընթանում, բավական թեժ են։ Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ։ Հասցրել է հրթիռային և ավիացիոն հրետանային հարվածներ ՊԲ զորամասերի տարբեր տեղակայման օբյեկտներին: Կան որոշակի ավերածություններ, կորուստներ։ Դրանք հիմնականում չնչին են»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մանրամասներ կներկայացնեն մի փոքր ուշ։
Ա.Հովհաննիսյանը չշտապեց խոսել մարդկային կորուստների մասին, սակայն ասել, որ կորուստներ չկան, իհարկե ճիշտ չէ: