Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրել: Հարությունյանը հայտարարել է, որ արդեն մի քանի օր է՝ Ադրբեջանի ամբողջ քաղաքական էլիտան տարբեր ձևաչափերով աշխարհին նախապատրաստում է պատերազմի:
«Ինչու եմ սա շեշտում, որովհետև ադրբեջանական կողմը հայտարարում էր, թե իբր Սիրիայից կամ այլ երկրներից քուրդ կամ այլազգի վարձկաններ կան Արցախում, այսինքն՝ իբր մենք անում ենք այն, ինչ իրենք են անում: Իսկ մենք, այո, ունենք ինֆորմացիա, որ վերջին մի քանի օրերին տարբեր ինքնաթիռներով Թուրքիայից և այլ երկրներից կամավորականներ, վարձկաններ տեղափոխվել են Ադրբեջան: Արդեն երկար ժամանակ է՝ Թուրքիայի բանակը գտնվում է փաստացի Ադրբեջանում՝ զորավարժության անվան տակ, բայց մենք հասկանում ենք նպատակը որն է եղել»,-ասաց ԱՀ նախագահը:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ նրանք արդեն մի քանի օր է՝ համատարած մոբիլիզացիա են սկսել՝ իհարկե ներկայացնելով կեղծ օրակարգ, թե իբր Հայաստանը պատրաստվում է պատերազմի: «Ուզում եմ հայտարարել, որ մենք միշտ պատրաստվել ենք պատերազմի, բայց պատերազմի կողմնակից չենք: Աշխարհում ամենաշատը խաղաղություն Արցախում են ուզում, արցախցին է ուզում: Մենք նշել ենք, որ ցանկացած պատերազմի վերսկսման պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի իշխանությունը՝ ոչ միայն այսօր, վաղը, նաև ապագայում»,- ասաց Հարությունյանը՝ մեկ րոպե լռությամբ հարգելով արդեն իսկ զոհվածների հիշատակը: