Ռազմական դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է ԱԺ հատուկ նիստ. խորհրդարանի հատուկ նիստը այս խոսքերով բացեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Խորհրդարանում նիստին ներկա է 115 պատգամավոր։
Հարցով հիմնական զեկուցող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ պատրաստ է անձամբ կռվել և զոհվել:
«Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի։ Հայ ժողովուրդը ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի այս հողի վրա։ Եվ երբ ասում ենք՝ մենք բոլորս զինվորներ ենք և ծափահարում ենք այդ խոսքերի վրա, ասում ենք մի բան՝ ծեր, թե երիտասարդ, կին, թե տղամարդ, այսօր մենք միայն մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին՝ մենք պետք է նայենք իրար աչքերի մեջ ու ասենք՝ մենք պատրաստ ենք զոհվելու հանուն հայրենիքի և մենք մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մեր իրավունքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մենք պիտի հաղթենք, որովհետև մենք պարտվելու տարբերակ չունենք։
Հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան, ՀՀ-ն պետք է գոյություն ունենա հավիտյան, Արցախը պիտի ապրի, և Արցախը պիտի գոյություն ունենա հավիտյան, և պետք է լինի ինքնորոշված, անկախ, իքնուրույն, հզոր, ինչպես այսօր է։
Եվ ուրեմն այսօրվա մեր նիստը միասնության, վճռականության և հզորության մասին է; Եվ ուրեմն պատրաստեք ձեզ հաղթանակի, պատրաստեք ձեզ նվիրումի, պատրաստեք ձեզ զոհողության, որովհետև սա վճռական ժամանակ է, և մենք միասնական ենք, քան երբևէ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։