Կոպտորեն խախտելով բազմիցս ստանձնած միջազգային հանձնառությունները, 1994 թ. հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը, ինչպես նաև արհամարհելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչը, ս.թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման ողջ երկայնքով անցել է հարձակման:
Ադրբեջանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և խրախուսմամբ, Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ՝ թիրախավորելով նաև բնակավայրեր և խաղաղ բնակչությանը:
Պաշտպանության բանակը հաստատակամ իրականացնում է հակառակորդին դիմակայելու իր առաքելությունը:
Այս բախտորոշ պահին առաջնային է համահայկական կարողականության մեկտեղումը և միասնական համազգային պատասխանը ագրեսորին:
Մենք՝ Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական կուսակցություններս, ողջ ներուժով սատարում ենք Հայոց բանակին և աջակցում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին՝ միջազգային ասպարեզում բացահայտելու և դատապարտելու թշնամու հերթական ագրեսիան:
Կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել այս նպատակների շուրջ՝ ապահովելով ամուր թիկունք և միասնականություն:
Դիմում ենք միջազգային կազմակերպություններին, հանրությանը և պետություններին՝ դատապարտելու հայ ժողովրդի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական հերթական պատերազմը:
Հաղթանակը մերն է:
«Ազատություն» կուսակցություն
|
«Ազգային օրակարգ» կուսակցություն
|
«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն
|
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցություն
|
«Բարգավաճ Հայաստան կուսակցություն»
|
«Երկիր Ծիրանի» կուսակցություն
|
«Ժառանգություն» կուսակցություն
|
«Լուսավոր Հայաստան կուսակցություն»
|
«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»
|
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»
|
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»
|
«Հայրենիք» կուսակցություն
|
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
|
«Մեկ Հայաստան» կուսակցություն
|
27.09.2020 թ.
Հ.Գ. Հայտարարությունը բաց է միանալու համար: