Շատ բան չկա ասելու, քանի որ խմբակցությունների ներկայացուցիչները լրացրին այն ասելիքը, որը պատեհ է ասել որպես եզրափակիչ խոսք: Սա է միասնությունը, և ես ուզում եմ իմ հպարտությունը հայտնել մեր ունեցած այս իրավիճակով: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում իր եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե խոսք է լինում հանուն հայրենիքի ապրելու և մեռնելու մասին, այդ ձևակերպումներում հակասություն չկա: Մենք չենք զոհվում և պատրաստ չենք զոհվել հանուն մահվան, այլ պատրաստ ենք զոհվել հանուն կյանքի և ապրելու»,- ասաց Ն.Փաշինյանը:
Նա վստահեցրեց, որ բոլոր անհրաժեշտ հրահանգները և հրամանները տրված են, այնպես, ինչպես խորհրդարան, որպես մի մարմին, առանց բաժանման՝ իշխանություն, ընդդիմություն, կտար դրանք: «Սրանում որևէ վայրկյան չկասկածեք և թույլ չտաք, որ որևէ տեղից կասկած մտնի մեր և ձեր մեջ»,- ասաց վարչապետը:
Երկրի Գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարեց, որ գործ ունենք խորը նախապատրաստված հարձակման հետ, և դա մի քայլանոց հարձակում չէ, դրա հակազդումը նույնպես մի քայլանոց կոմբինացիա չէ: «Մենք, այո, ունենք զոհեր, հակառակորդն ավելի շատ զոհեր ունի, ունենք տեխնիկայի կուրուստներ, հակառակորդն ավելի շատ, սա զարգացող իրավիճակ է, և մենք պետք է պինդ կանգնենք...»,- ընդգծեց նա:
Փաշինյանի խոսքով՝ պատգամավորների նշած որևէ սցենար բացառված չէ, Կառավարությունը կաշխատի այդ սցենարների վրա: «Մենք վախենալու իրավունք չունենք, քանի որ սա հազարամյա կռվի մի հանգրվանն է, այո, այստեղ շատ հարցեր պետք է լուծվեն: Եվ ուրախ եմ, որ ՀՀ ԱԺ-ն միակամ է, ողջունում եմ նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի կամքը՝ հաջակցություն Հայաստանի և Արցախի: Ողջունում եմ Սփյուռքին, որոնք մեզ հետ հավասար աշխատում են այս խնդրի թնջուկի վրա»,- նշեց նա՝ հավելելով.
«Մեզ հաղթել հնարավոր չէ, քանի որ հաղթանակը հոսում է մեր երակներում, նստած է մեր գիտակցության մեջ, հաղթանակը մեր ողնաշարն է, մեր ինքնությունն է, և այսօրվա քննարկումը ևս մեկ անգամ ապացուցեց դա: Ողջունում եմ խորհրդարանի հաղթելու կամքը, հայ ժողովրդի իրավունքներն ու ազատությունը պաշտպանելու կամքը»: