Նույն ֆորմատով, սակայն, որոշ փոփոխություններով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը այս տարի ևս կկայանա նոյեմբերի վերջին հինգշաբթի՝ Միացյալ Նահանգներում նշվող Գոհաբանության օրը, սակայն ըստ հիմնադրամի տնօրենի՝ այս անգամ կգերակշռի շփումը առցանց հարթակում:
Հայկակ Արշամյան («Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն) - Մենք գտնում ենք, որ Thanksgiving-ի սիմվոլիկան, որի մեջ դրված է հեռուստամարաթոնի օրը, շատ կարևոր է նաև համայն հայության համախմբման, ցանցայնության նշանակություն ունի:
Այս տարի ևս նպատակը սահմանային համայնքների հզորացումն է լինելու: Մինչև մարաթոնի մեկնարկը սահմանամերձ համայնքներում առողջապահության, խմելու և ոռոգման ջրի համակարգերի, վերականգնվող էներգետիկայի ծրագրերը հոգաբարձուների խորհրդում դեռ կքննարկեն: Ըստ Հայկակ Արշամյանի՝ կլինեն նաև փոքր բիզնեսի խթանման ծրագրեր: Նախկինում փոքր ջերմատների աջակցության ծրագրեր եղել են, սակայն հիմա կփորձեն փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվողներին աջակցել:
Հայկակ Արշամյան - Մի քիչ ուզում ենք ավելի ձևաչափը փոխենք և մի քիչ իրեն ավելի կայուն ծրագիր սարքենք, ոչ միայն փոքր ջերմոցներ կլինեն, այլև հնարավոր է, օրինակ՝ փոքր փռերի, եթե մարդը ուզում է փոքր արտադրամաս ունենալ, կարող ենք ֆինանսավորել:
Որպես նորություն՝ ծրագրերից մեկն էլ կլինի Հայաստան վերադարձած լիբանանահայության աջակցությունը, բայց ծրագրերը նորից պետք է իրականացվեն սահմանային համայնքներում՝ ասում է հիմնադրամի տնօրենը:
Հայկակ Արշամյան - Ոչ միայն լիբանանահայերի, այլև եթե սիրիահայեր կլինեն՝ կցանկանան գնալ սահմանում ապրելու, անպայման, գոնե փոքր բիզնեսի առումով իրենց կփորձենք օգտակար լինել:
Որպեսզի հանգանակությունն իսկապես համահայկական բնույթ ստանա, անհրաժեշտ է յուրաքանչյուրիս թեկուզ փոքրիկ, խորհրդանշական մասնակցությունը: