Այնքան էլ նման չէ ֆերմայի, չէ՞, կատակում է դիտավանցի ֆերմեր Սեյրան Սարգսյանը, սա խելացի անասնագոմ է: Այս տարվա ապրիլին սկսված շինարարությունը վերջապես ավարտին է մոտենում:
Սեյրան Սարգսյան (Դիտավան գյուղի բնակիչ) - Մնացել են սառնարանը, կթի սարքավորումները, մեկ էլ լուսավորությունը:
Մնացածի մասին պատմում է.
Սեյրան Սարգսյան - Կթելու տեղը առանձին ա լինելու, որ ֆերմայի հետ շփում չունենա, էս իրանց նստելու տեղերն ա, տակը ռեզիններ ա գցվելու, տաք ջուր ա լինելու, էնտեղ` խմոցները:
Սա Տավուշի մարզում առաջին և մեծ խելացի անասնագոմն է: Այսպիսի ֆերմայի մասին վաղուց էր մտածում, սպասվածից լավն է ստացվել: Ասում է՝ առանց պետական աջակցության հազիվ թե հաջողվեր։ Կից շինություններով կառույցը գնահատվել է 35 մլն դրամ։
Սեյրան Սարգսյան - Որ մեզ մնար, միանգամից չէինք կարա էսքան ծանրության տակ մտնենք, էս շինարարությունն անենք, որ պետությունն ասեց՝ կօգնենք, ավելի ուրախացանք և ավելի ոգևորված սկսեցինք այս աշխատանքները, էդ էլ դուխ տվեց մեզ:
Թվարկում է հին անասնագոմից «խելացիի» առավելությունները: Նախ` աշխատող շատ ձեռքերի կարիք չի լինի.
Սեյրան Սարգսյան - Հին ֆերմայում խոտը լցնում ես, էնտեղ լրիվ փակ ա, լուսավորություն չկա, կովի տեսողությունը ամենավատն ա, հիմա օդափոխություն կա, մաքուր ա, լուսավորությունը տեղն ա, կթելը` մեքենայացված, էս խելացի ֆերմաների կաթը ավելի թանկ ա:
Ֆերման նախատեսված է մինչև 45 գլուխ խոշոր եղջերավորի համար:
Հիմա կովերը արոտավայրերում են՝ ասում է Սեյրանը, ֆերմայի տարածքում տոհմային ցլիկներն են պահում: Թեև գլխաքանակի մեծ մասը կաթնամսատու տեսակի է, բայց մտադիր է զարգացնել մսատու ցեղատեսակը, իր հաշվարկով` ավելի շահավետ է:
Սեյրան Սարգսյան - Ինձ թվում ա՝ մեզ մոտ մենակ մսատվության վրա պետք աշխատենք, որպեսզի 20 լ էդ կովից կաթ կթեմ, նրան պիտի 13,6 կերամիավոր կերակրեմ, իսկ մեզ մոտ կերերը շատ թանկ են, օգուտը` չնչին:
Թեև անցած անձյուն ձմեռը իր գործն արել է, խոտն էլ պակաս է այս տարի, բայց անասնակերի բավարար քանակ արդեն ապահովել է, դրա համար էլ հատուկ ծածկ է կառուցել:
Սեյրանը նաև մտադիր է սեփական սպանդանոցը կառուցել, նրա համոզմամբ՝ մեծ ֆերմերային տնտեսության համար դա պարտադիր է։