Կոմիտասի անունը կրող ազգային պանթեոնը մարդաշատ է. սեպտեմբերի 26-ը Վարդապետի ծննդյան օրն է: Ծաղիկների խոնարհումը շիրմին մեծ երգահանի 151-ամյակի առթիվ է: Հոգեհանգստյան կարգ է՝ «Գեղարդ» երգչախմբի երաժշտական ուղեկցությամբ:
«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնն այս տարի համավարակով պայմանավորված առցանց է անցկացվում: Հեռուստատեսային տոնական միջոցառմանը կհնչեն կոմիտասյան երգեր՝ յուրօրինակ կատարումներով.
Նիկոլայ Կոստանդյան (Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն) - Նախատեսված է բացման համերգ՝ խառը համերգ, որտեղ մեր բոլոր պետական երգչախմբերն են ելույթ ունենալու՝ մեկ մենակատար Լիպարիտ Ավետիսյանը վոկալ կատարումով և դաշնակահար Հայկ Մելիքյանը:
Նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ անգնահատելի է Կոմիտասի դերը հայ հոգևոր և ազգային երաժշտության ուսումնասիրման ու գիտական աշխարհին ներկայացնելու գործում: Մեծ Վարդապետն էր, որ գտավ ազգային մելոսն ու ապացուցեց նրա ինքնուրույն լինելը: Ուսումնասիրեց, նոտայագրեց հայ հոգևոր ու աշխարհիկ երգերը.
Արայիկ Հարությունյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Կոմիտասն այն 3-4 մեծ հայերից են, որոնք մեծ ազդեցություն են ունեցել մեր ինքնության ձևավորման վրա, որովհետև էն աշխատանքը, որ նա կատարեց իր կյանքի ընթացքում, կանխորոշեց մեր մշակույթի, արվեստի զարգացումն առաջիկա դարերին:
Կոմիտասի ստեղծագործություններում հայ մարդն է՝ իր դժվարություններով, կենցաղով ու ազգային արժեքներով: Նա վերցնում էր ժողովրդից հնարավորը՝ մաքրում, զտում ու ներկայացնում ժողովրդին: Կոմիտասյան ժառանգությունն անհաշվելի է. ազգայինը՝ գերակշռող, հոգևորը՝ ուժ տվող: Փոխնախարար Խզմալյանի հավաստմամբ՝ արվում է հնարավորը՝ Վարդապետի երգը միջազգային բեմերում լսելի դարձնելու համար:
Արա Խզմալյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Կոմիտասը մեր հոգևոր էությունն է, մեր երաժշտական աղոթքն է: Մենք կարող ենք հազարումի ձևակերպում տալ նրան և նրա ժառանգությանը և չսպառել նրա դերն ու նշանակությունը:
Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը հնչեցնում է Կոմիտասի տուն-թանգարանի անլռելի զանգակատան խորհրդանշական զանգը: Այս ձայնը լսվում է տարվա ընթացքում երեք անգամ՝ Կոմիտասի ծննդյան, մահվան օրերին ու ապրիլի 24-ին:
Օրը տոնական է նաև կինոյի սիրահարների համար: 1904 թվականին «Անուշ» պոեմի հիման վրա Կոմիտասը գրում է «Անուշ» օպերան: Անավարտ օպերան վավերագրական-խաղարկային ֆիլմի հիմք է դառնում: Այն պատմում է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ստեղծագործական համատեղ աշխատանքի՝ «Անուշի» մասին:
Հրաչ Քեշիշյան («Անուշ. անավարտ օպերա» ֆիլմի ռեժիսոր) - Ֆիլմում վերարտադրված են Թումանյան-Կոմիտաս դիալոգներ և զրույցներ, որոնք շատ ակտուալ են էսօրվա համար, մի պահ թվում է՝ էս մարդիկ ապրում են ոչ թե այն չափողականության մեջ, այլ հենց այսօր, մեզ հետ:
«Անուշ. անավարտ օպերա» ֆիլմը կինոթատրոններով չի շրջի, բայց հասանելի կլինի համացանցում: Գրչի ու երգի վարպետներին յուրովի ներկայացնող ֆիլմը սերունդներին կպատմի ազգային ու համամարդկային արժեքների ճաշակով համադրության մասին: