Սեպտեմբերի 26-ը կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասի ծննդյան օրն է:
Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն) քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։
1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտ համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում:
Կոմիտասի բազմակողմանի գործունեության մեջ առավել կարևոր են ստեղծագործական, հավաքչական ու գիտական աշխատանքները: Ժողովրդական երգերը նա գրառել է ժողովրդի պատմության ու հոգեբանության խորիմացությամբ և գիտական վերլուծական մոտեցումով: Դրանք դրսևորում են հայ ազգային ոճն ու լեզուն, ինքնատիպությունը:
Նրա ստեղծագործությունները նկատելի ազդեցություն են ունեցել նաև արևելյան այլ ժողովուրդների երաժշտության զարգացման վրա:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը Կոմիտասի ծննդյան օրը բացօթյա համերգ կկազմակերպի։ Սեպտեմբերի 26-ին` ժամը 19։30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում կկայանա «Կոմիտասին 151» խորագրով համերգ՝ նվիրված հայ երգահան, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին։