«Շիրակի պետական համալսարանում ձևավորվում է ժողովրդավարական և ուսանողակենտրոն ուսխորհուրդ, որը չի սպասարկելու որևէ քաղաքական ուժի, չի ծառայելու վարչական աշխատողներին»,- հայտարարել է նոր ուսխորհրդի նախաձեռնող խումբը:
Այսօր մամուլի ասուլիս են հրավիրել, պահանջել, որ երկու տարի անց հեղափոխությունը մտնի Շիրակի մայր բուհ և որ պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր մասնակից են եղել կոռուպցիոն գործարքների։
Մինչև կսկսվեր ասուլիսը, Շիրակի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ փորձում էին տեղավորվել մամուլի սրահում։ Ավելի ուշ պարզվեց, նրանց մի մասը գործող ուսխորհրդի անդամներն են, որոնց մուտքը սկզբում սրահ չէր թույլատրում նոր ուսխորհուրդ ձևավորող կողմը։
Ավելի ուշ կողմերը հաշտության եկան․ համավարակի պատճառով բոլորին սրահ մտնել թույլ չտվեցին, բայց գործող ուսխորհրդից երկուսն անցան ասուլիսի սրահ։ ՇՊՀ նոր ուսանողական խորհրդի նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Ղուկասյանի խոսքով՝ գործող ուսխորհուրդը լեգիտիմ չէ և մշտապես ծառայել է քաղաքական տարբեր խմբերի։
Հիմա էլ, ըստ բանախոսի, վիճակն այնքան էլ չի տարբերվում, բուհում տարբեր խմբեր կան, որոնք հակամարտում են, իսկ 8 հոգանոց ուսխորհրդին ղեկավարում է վարչական մարմինը։ ՇՊՀ-ում հեղափոխություն է պետք ու դա պետք է սկսել ուսխորհրդից, ասում են նախաձեռնող խմբի անդամները՝ զուգահեռ հրավիրելով իրավապահների ուշադրությունը։
Նոր ուսխորհուրդը ձևավորման փուլում է։ 2 ամիս է, ինչ 60 ուսանողի համախմբել է այս գաղափարը։ Հռչակագիր են ընդունել, ստեղծել կանոնադրություն, ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, սպասում են ընդունմանը։ Խոստանում են` ՇՊՀ նոր ուսխորհուրդը քաղաքականությունից հեռու կառույց է լինելու, զբաղվելու է բացառապես ուսանողների խնդրով և հասնելու է արդարության հաստատմանը բուհում։
ՇՊՀ ներկա ուսխորհուրդն այսօր էլ քաղաքական հարցեր է լուծում, վարչական որոշ աշխատողների հրահանգով իշխանությանը ընդդիմադիր ելույթներ տարածելով, հայտարարեցին։ Ի դեպ` գործեղ ուսխորհրդի անդամները հարցերին խոստացան, որ կպատասխանեն վերջում, մեկ երկու հարցից հետո հայտարարեցին, որ ժամանակ այլեւս չունեն։ Մեզ ոչ թե պարտադրել են ընդդիմադիր տեքստեր ու ելույթներ տարածել ֆեյսբուքում, այլ խնդրել, ասուլիսի ավարտին ասաց ուսխորհրդի անդամներից Անի Խաչատրյանը։
Նա նաև հայտարարեց, որ նոր ձևավորվող ուսխորհուրդն է ապօրինի գործում, մերկապարանոց հայտարարություն են անում՝ նշելով, որ գործող ուսխորհուրդը լեգիտիմ չէ: Գործող ուսխորհուրդը միայն կանոնադրություն չի ունեցել, այն էլ արդեն գրել են, իրենք էլ են կանոնադրությունը կազմել, ուղարկել են ԿԳՄՍ նախարարություն ու էլի հաստատման են սպասում։