«Ռոմայի» նորեկ Պեդրո Ռոդրիգեսը խոսել է իր նոր թիմակից, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին, ինչպես նաև կարծիք հայտնել թիմում տիրող մրցակցության վերաբերյալ:
«Կարծում եմ, որ կարող եմ ինձ լավ դրսևորել ենթահարձակվողի դիրքում: Սիրում եմ այդ խաղային դիրքը, քանի որ շատ տարածություններ եմ ստանում: Մխիթարյանը, Պերեսը, Ձանիոլոն ու մյուսները ևս կարող են խաղալ այդ դիրքում: Ես, ամեն դեպքում, հանգիստ եմ: Կխաղամ այնտեղ, որտեղ կասի մարզիչը, և որտեղ առավել շատ օգուտ կտամ թիմին:
Մխիթարյանն ու Ջեկոն շատ կարևոր ֆուտբոլիստներ են թիմի համար: Նրանք թոփ մակարդակի ու փորձառու խաղացողներ են: Ուրախ եմ, որ հանդես եմ գալիս նման մեծագույն թիմում: Կցանկանայի շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, որոնք շատ ջերմորեն են ընդունել ինձ»,- Պեդրոյի խոսքը մեջբերում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը։
Իսպանիայի հավաքականի կազմում 2010 թվականի աշխարհի և 2012 թվականի Եվրոպայի չեմպիոն հռչակված ֆուտբոլիստը նախքան «Ռոմա» տեղափոխվելը հանդես է եկել «Բարսելոնայում» ու «Չելսիում»: