Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում հորդորում է ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Ապշերոնի թերակղզուց (ըստ էության՝ Բաքվի, Սումգայիթի և մերձակա շրջաններից) դուրս «ոչ էական այցելություններից»՝ կապված հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարվածության աճի և «վերջին բռնարարքների» հետ, տեղեկացնում է Ռազմինֆո կայքը:
Այս մասին տեղեկանում ենք Բաքվում ԱՄՆ դեսպանության պաշտոնական կայքէջից։ Դեսպանատունը նաև հորդորել է Ադրբեջանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հետևել տեղական լուրերին, զգուշություն ցուցաբերել հանրային տարածքներում և խուսափել բազմամարդ ցույցերից:
Ավելին, դեսպանությունն իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին էլ է թելադրել Ապշերոնի թերակղզուց դուրս չճամփորդել։
Նմանատիպ հայտարարությամբ ՀՀ-ում բնակվող ԱՄՆ քաղաքացիներին է դիմել նաև Երևանում ԱՄՆ դեսպանությունը։ ԱՄՆ քաղաքացիներին հորդորում են խուսափել հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում ճամփորդությունից, ներառյալ «Դիլիջան» ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներից արևելք ընկած տարածքից մինչև Տավուշի մարզի՝ Վրաստանի հետ սահմանը: Նաև կոչ է արվում չճամփորդել դեպի Արցախ և հետևել լուրերին։
Ուշագրավ է, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ին մարտերի ժամանակ ևս զգուշացնում էր, սակայն այն ավելի սահմանափակ էր. հուլիսին կոչ էր արվում խուսափել միայն մարտական գործողությունների գոտուն հարակից Թովուզի և Ղազախի շրջաններ այցելելուց։ Բացի այդ՝ զգուշացնող հայտարարությունն արվել էր միայն հուլիսի 15-ին (նախորդ օրը սպանվել էին Ադրբեջանի ԶՈւ 3-րդ կորպուսի շտաբի պետն ու հրետանու պետը)։ Հայաստանում բնակվող ԱՄՆ քաղաքացիների համար հուլիսին նման զգուշացում չէր հրապարակվել։
Ինչպես արդեն գրել ենք, վերջին օրերին Ադրբեջանից հնչող հայտարարությունները, ինչպես նաև տեղեկատվական-քարոզչական գործողությունները տպավորություն են ստեղծում, որ Բաքուն հող է նախապատրաստում ռազմական արկածախնդրության համար, իսկ Թուրքիան ուղղակիորեն աջակցում է դրան՝ գրում է Ռազմինֆոն: