ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն Էջմիածնում մասնակցել է հայ մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին, որոնցով տրվել է հոբելյանին նվիրված փառատոնի մեկնարկը։
Նախարար Ա.Հարությունյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը և այլք նախ մասնակցել են Եղիշե Թադևոսյանի՝ Էջմիածնի Ռ. Մելիքյան փողոցում գտնվող հայրական տան մոտ տեղադրված հուշատախտակի բացման արարողությանը։
Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ նկարչի հայրական տան արտաքին պատն արդեն ունի տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ:
Անվանի նկարչի 150-ամյակին նվիրված միջոցառումը շարունակվել է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մհեր Աբեղյանի թանգարանում, որտեղ բացվել է Ե.Թադևոսյանի անվանական ցուցասրահը։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով ցուցասրահի բացման կապակցությամբ՝ Ա․Հարությունյանը վստահություն է հայտնել, որ այն դառնալու է մարզի մշակութային կենտրոններից մեկը։ «Մեծանուն արվեստագետի հոբելյանին նվիրված միջոցառումները տոն են բոլորիս համար։ Ուրախ եմ, որ համավարակով պայմանավորված սահմանափակումներից հետո նման փառատոն կազմակերպելու հնարավորություն ունենք։ Այս ցուցասրահի բացմամբ Էջմիածինը դառնում է Եղիշե Թադևոսյանի մեծարման մեկամյակի կարևոր կենտրոնը, ինչը բխում է մեր՝ տարածքային համաչափ զարգացման տրամաբանությունից։ Վստահ եմ, որ ցուցասրահ այցելելու են ոչ միայն էջմիածնի, այլև հանրապետության մյուս համայնքների բնակիչները։ Մեզ համար կարևոր է նաև փառատոնի ընթացքում իրականացնել կրթական ծրագրեր, քանի որ Եղիշե Թադևոսյան արվեստագետն այն օրինակն է, որը մենք ցանկանում ենք ունենալ կրթամշակութային ոլորտում․ նա իր տաղանդին գումարել է կրթություն ստանալու և իր արվեստը լավագույնս ներկայացնելու ջանքը»,- ասել է նախարարը՝ արվեստասեր հանրությանը կոչ անելով ակտիվորեն մասնակցել նկարչի 150-ամյակին նվիրված միջոցառումներին։
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ասել է, որ Եղիշե Թադևոսյանի հոբելյանին նվիրված միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ «Ուրախ եմ, որ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել ցուցասրահի և հուշատախտակի բացման արարողությունները։ Կարծում եմ՝ անվանի արվեստագետի հոբելյանին նվիրված կրթամշակութային ծրագրերի պակաս չենք զգա»,- ասել է քաղաքապետը։
Ցուցասրահի բացմանը զուգահեռ թանգարանին կից այգում անցկացվել է պլեներ՝ Էջմիածնի Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի և Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը նշել է, որ այս միջոցառումները մեծ կարևորություն ունեն 19-րդ դարավերջի և 20-րդ դարի առաջին կեսի հայ կերպարվեստի վերարժևորման և իմաստավորման տեսանկյունից: Մ․ Հակոբյանը ներկայացրել է, որ ժանրային բազմազանությամբ, ոճական ու ձևաբանական բազմակերպությամբ աչքի ընկնող ցուցահանդեսում ընդգրկված են տարբեր տարիներին և բազմաթիվ շրջագայությունների ընթացքում մի շարք երկրներում ստեղծած շուրջ հինգ տասնյակ գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, որոնց թվում են այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են՝ «Քրիստոսը և փարիսեցիները», «Արարատը», «Մեր փողոցը Վաղարշապատում» և այլն, ընդ որում` դրանց մի մասը ցուցադրվում է առաջին անգամ: Ցուցադրության կարևոր մաս են նաև էտյուդներն ու գծապատկերները, թանգարանի հուշաձեռագրային բաժնի ֆոնդերում պահվող կենսագրական հարուստ նյութն ու նոթատետրերը, նկարչի նամակագրությունից արժեքավոր նմուշներն ու պատմական արժեք ունեցող եզակի լուսանկարները:
Միջոցառումն ամփոփվել է Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում՝ Եղիշե Թադևոսյանի 150 և հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին նվիրված երեկոյով: Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունների կենդանի կատարման ներքո հյուրերը ծանոթացել են Եղիշե Թադևոսյանի՝ մինչ այսօր երբևէ չցուցադրված աշխատանքներին, որոնք տրամադրել էին Վահագն Գրիգորյանը և Մկրտիչ Պապոյանը՝ իրենց անձնական հավաքածուներից: Հավելենք, որ Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին նվիրված փառատոնի ընթացքում Հայաստանի ազգային պատկերասրահը կիրականացնի կրթական ինտերակտիվ ծրագրեր և դասախոսություններ: