Հարձակվող Լուիս Սուարեսը, որը «Բարսելոնայից» տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո», շնորհակալություն է հայտնել իր ընկեր, կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիին, որը հրաժեշտի խոսքով ավելի վաղ դիմել էր ուրուգվայցուն:
«Շնորհակալությո՛ւն, ընկե՛րս, քո խոսքերի համար, բայց շնորհակալություն նաև նրա համար, որ դու այնպիսին ես, ինչպիսին կաս, նրա համար, ինչպիսին դու առաջին իսկ օրվանից եղել ես իմ ու ընտանիքիս նկատմամբ:
Միշտ շնորհակալ եմ լինելու Մեսսի մարդուն՝ ընկերասեր և զգացմունքային, քանի որ բոլորը ճանաչում են միայն Մեսսի ֆուտբոլիստին: Մի՛ մոռացիր, որ ես ասել եմ քեզ․ «Շարունակի՛ր հաճույք ստանալ և ապացուցել, որ դու թիվ մեկն ես, և թույլ մի՛ տուր 2, 3 կամ 4 մարդու վարկաբեկել այն հսկային, ինչպիսին դու ես ակումբի և ֆուտբոլային աշխարհի համար:
Շատ եմ սիրում քեզ, իմ ընկե՛ր, և մենք կարոտելու ենք ձեզ հինգիդ (Մեսսիին, նրա կնոջը և 3 երեխաներին.-խմբ․)»,- գրել է Սուարեսն Ինսթագրամի իր էջում:
Հիշեցնենք՝ Մեսսին «Բարսելոնան» լքելու խնդրանքով ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ դիմել էր ակումբի ղեկավարությանը, սակայն նախագահ Խոսեպ Բարթոմեուն մերժողական պատասխան էր տվել: