2020-2021 ուսումնական տարվա բուհերի ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար դիմորդները 1500-ական դրամ էին վճարել Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Համավարակի պատճառով ՀՀ Կառավարության մայիսի 21-ի որոշմամբ սահմանվել էր բուհերի ընդունելության մեկ քննություն: Հետևաբար, մեկից ավելի քննություն հայտագրած դիմորդների՝ ԳԹԿ հաշվեհամարին փոխանցված գումարը ԳԹԿ-ն ամբողջությամբ փոխանցել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ընկերության 16048356610700 հաշվեհամարին:
Բացի մեկ քննության համար մասնակցության գումարից, վճարված մյուս գումարը դիմորդները կարող են ստանալ «ՎՏԲ բանկի» բոլոր մասնաճյուղերից՝ պարտադիր ներկայացնելով ծննդյան վկայականը և անձնագիրը (կամ ID քարտը): Ժամկետների մասին կհայտարարվի առաջիկայում:
Բանկի ընտրությունը պայմանավորված է Հայաստանում ամենաշատ մասնաճյուղեր ունենալու հանգամանքով: