Հայաստանի բրենդներից մեկը համարվող Թումո կենտրոնի մոսկովյան նոր կրթարանում դասընթացները կմեկնարկեն հոկտեմբերից: Ծրագիրն իրականանում է հայ գործարարների և Մոսկվայի կառավարության աջակցությամբ: «Թումո՝ Մոսկվայում» ծրագիրը նույնն է, ինչ մյուս կենտրոններում: Ապագայում նախատեսվում է նման կենտրոններ բացել նաև Ռուսաստանի մյուս քաղաքներում:
Ծրագրավորում, գրաֆիկական դիզայն, ռոբոտատեխնիկա, 3D մոդելավորում, համակարգչային խաղերի մշակում, երաժշտության ստեղծում, կինո և անիմացիա: Մոսկվայի 12-17 տարեկան պատանիները ևս հնարավորություն ստացան մոտիկից ծանոթանալ ժամանակակից թվային և ստեղծարար տեխնոլոգիաներին ու կիրառել դրանք գործնականում: Հայկական Թումոյի՝ թվով 3-րդ միջազգային կենտրոնը, Բեյրութից ու Փարիզից հետո, իր դռներն է բացում Մոսկվայի սրտում: Հայկական Թումոների հարուստ փորձը կբերեն այստեղ, որ մոսկվացի պատանիներն էլ կարողանան մոտենալ կրթության նորարարական ձևաչափին, դպրոցի շնորհանդեսին,- ասում է մոսկովյան կենտրոնի ղեկավարը:
Ալեքսանդր Աբրամով, «Թումո Մոսկվա» կենտրոնի գլխավոր մենեջեր - Թումոն հայկական նախագիծ է, և մենք ուրախ ենք բերել Մոսկվա Հայաստանում մեր գործընկերների մշակած և այլ երկրներ արտահանած նորագույն այս ծրագիրը:
Մի քիչ անիմատոր, մի քիչ ծրագրավորող, յուրաքանչյուրն իրեն փորձում է բոլոր ուղղություններում՝ հետագայում կողմնորոշվելու համար, թե որն ընտրի: Ռուսական Թումոյում կգործի 8 ուղղություններով կրթական ծրագիր, հետագայում կավելանա ևս 6 ուղղություն՝ վեբ մշակում, թվային գեղանկարչություն, լուսանկարչություն, նոր մեդիա, անիմացիա և լրագրություն: Առանց ուսուցիչների ու գնահատականների՝ ապագա սովորողներին գրավել է նաև սա: Կսովորեն ինքնուրույն, հարցերի դեպքում կդիմեն մարզչին: Ինքնուրույն ուսուցումը կլրացնեն «աշխատարանները», իսկ առաջատար մասնագետները վարպետության դասերին կկիսվեն գիտելիքներով ու կօգնեն զարգացնել մասնագիտական շփումների ցանցը: TUMO ուղի տեղեկատվական համակարգը կառուցում է անհատական կրթական հետագիծ և հետևում ուսանողների առաջընթացին:
Ալեքսանդր Աբրամով, «Թումո Մոսկվա» կենտրոնի գլխավոր մենեջեր - Մենք տալիս ենք անհրաժեշտ պատկերացում տեսական հիմքերի, մասնագիտական ծրագրային ապահովման գիտելիքների և մասնագիտական տեխնիկայի հետ աշխատելու ունակության մասին: Ինչից հետո սովորողն արդեն կարող է վերապատրաստում անցնել, սկսել աշխատել կամ հմտանալ առավել խորացված կրթական ծրագրերում:
Դպրոցը բացվում է Ռուսասատանում հայ գործարարների և Մոսկվայի կառավարության աջակցությամբ: Թումոն դարձել է Հայաստանի նոր բրենդն աշխարհում,- նշում է դեսպան Տողանյանը։ Նրա խոսքով՝ Մոսկվայում դպրոցի բացումը ռուսական հասարակությանը ներկայացնում է ժամանակակից Հայաստանը՝ իր նոր կրթական հաստատություններով և IT-կենտրոններով: Դեսպանը հույս է հայտնում, որ Թումոյի առանձին դպրոցներ հետագայում կբացվեն նաև Ռուսաստանի այլ քաղաքներում։
Վարդան Տողանյան, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան - Այս հարթակը դառնում է Մոսկվայում Հայաստանի ներկայության նոր դեմքը: Այսինքն՝ բացառությամբ այլ ավանդական արտահանման, այդ թվում և այլ ծառայությունների, մենք կարողացանք ներկայանալ կրթական նոր տեխնոլոգիական հարթակով, որը փոխում է իմացությունն այսօրվա Հայաստանի մասին:
Դասընթացները կանցկացվեն նաև հեռավար, բացի ռուսերենից՝ նաև անգլերեն, ուսուցման ժամկետը մեկ կրթական ծրագրով կկազմի 10 ամսից մինչև երկու տարի: Պարապմունքներին կարող է մասնակցել ամսական մինչև 2 հազար երեխա։ Նրանցից ամենատաղանդավոր 100-ը հնարավորություն կստանա սովորել անվճար։ Նախատեսվում է նաև անցկացնել վարպետության անվճար դասեր՝ դպրոցականների համար: Դասերը կմեկնարկեն հոկտեմբերին: