Ֆրանսիան հետաքննություն է սկսել լրատվամիջոցներում նախագահներ Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները լուսաբանելու հարցով: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնյաներից մեկը: Նա ընդգծել է, որ ներքին ցանկացած գաղտնի տեղեկատվության արտահոսքն անընդունելի է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ ֆրանսիական Monde թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Պուտինը սեպտեմբերի կեսերին Մակրոնի հետ զրույցում առաջարկել է ուշադրություն դարձնել Ալեքսեյ Նավալնու հետ կապված միջադեպի այլ վարկածների վրա: Խոսքը վերաբերում էր Լատվիային, որտեղ ապրում է «նովիչոկի» ստեղծողներից մեկը: Հրապարակման աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանի ղեկավարը չի բացառել, որ Նավալնին կարող էր թունավորված լինել, և նշել է, որ «նովիչոկն» այնքան բարդ նյութ չէ, որքան սովորաբար կարծում են: Ըստ թերթի՝ նախագահ Պուտինը պաշտոնական հետաքննության բացակայությունը բացատրել է նրանով, որ Ռուսաստանը չի ստացել գերմանացի և ֆրանսիացի մասնագետների կատարված վերլուծությունների տվյալները:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ ֆրանսիական թերթը չէր կարող ճշգրիտ տվյալներ ունենալ նախագահների զրույցի բովանդակության վերաբերյալ: Միաժամանակ Մոսկվան չի հավատում, որ Ելիսեյան պալատն է լրատվամիջոցներին հայտնել երկու երկրների ղեկավարների խոսակցությունը: Ըստ Պեսկովի՝ Ֆրանսիան չի կարող նման բան անել: