COVID-19-ի հայտնաբերման համար վարժեցված չորս շուն է օգտագործվել Հելսինկիի օդանավակայանում: Ֆիննական հետազոտողները հուսով են, որ կառավարության ֆինանսավորած այս փորձնական ծրագիրը կապահովի էժան, արագ և արդյունավետ այլընտրանքային մեթոդ մարդկանց վիրուսի հայտնաբերման հարցում՝ գրում է The Guardian-ը:
Շունը տասը վայրկյանի ընթացքում ի վիճակի է հայտնաբերել կորոնավիրուսի առկայությունը մարմնում, իսկ ամբողջ հետազոտությունը տևում է մեկ րոպեից էլ պակաս: Այս հայտարարությունը արել է Հելսինկիի համալսարանի ծրագրի համադրող Աննա Հիլմ-Բյորքմանը:
Նրա խոսքով՝ դա շատ հեռանկարային նախագիծ է, և հաջողության դեպքում այս մեթոդը կարող է օգտագործվել նաև հիվանդանոցներում, ծերանոցներում, մարզական և մշակութային միջոցառումների ժամանակ:
Ֆինլանդիայի օդանավակայան ժամանող միջազգային թռիչքների ուղևորներին խնդրում են ուղեբեռը ստանալուց հետո իրենց վիզը սրբել անձեռոցիկով, որոնք հատուկ տարայում պահվում են որոշակի տեղ, և շները սկսում են դրանք հոտոտել: