Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուդո Վագների հետ:
Հանդիպման նպատակն էր քննարկել Տավուշի մարզում Կարմիր խաչի հետ համագործակցությամբ իրականացվող գործունեությունը և հետագա համատեղ պլանները:
Մարզպետ Հայկ Չոբանյանը ներկայացրել է «Դիմակայուն համայնք» ծրագիրը և ընդհանուր մոտեցումները Դիմակայունության կենտրոնի առաքելության և խնդիրների վերաբերյալ: Մարզպետը նշել է, որ ծրագիրը պետք է միտված լինի ապագային և համապատասխանի համաշխարհային ամենաբարձր չափանիշներին:
Շնորհակալություն հայտնելով երկարատև համագործակցության համար` ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանն ասաց, որ Տավուշի մարզում իրենց համատեղ ծրագրերն իրականացվում են փոխըմբռնման և գործընկերության մթնոլորտում: Այդ է վկայում նաև այն լուրջ աջակցությունը, որ պետական կառուցների կողմից ցուցաբերվում է Իջևանում Դիմակայունության կենտրոնի գաղափարի իրագործմանը:
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիան արդեն պատրաստակամություն է հայտնել ֆինանասական և տեխնիկակական աջակցություն տրամադրել միջազգային չափանիշներին համապատասխան Դիմակայունության կենտրոնի կայացման համար: