Ահա այն բժիշկը, որի՝ վիրահատարանից դուրս գալուն սպասում էինք ավելի քան 10 ժամ: Մի ամբողջ օր Սևակ Բադալյանը հերթական ծանր վիրահատությունն էր կատարում, բայց մեր նկարահանման առիթը բոլորովին էլ այդ վիրահատությունը չէր: Ավելի շուտ նյարդավիրաբույժը փրկել էր քովիդով հիվանդի կյանքը:
48-ամյա կնոջը հիվանդանոց էին բերել կորոնավիրուս ախտորոշումով, թոքաբորբով, անգիտակից վիճակում, ուղեղի կաթվածով: Բնականաբար, չէր բացառվում, որ բուժանձնակազմը վիրահատության ժամանակ վարակվեր քովիդով, բայց վիրահատել-չվիրահատելու հարց, ասում է բժիշկը, չի էլ քննարկվել ու չէր կարող քննարկվել:
Սևակ Բադալյան (Առաջին համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբույժ) - Դե, գիտակցելով ենք գործը արել: Վարակի ռիսկը կա, բայց հիվանդի կյանքին սպառնացող վտանգ կա, երկմտելու ժամանակ չկա:
Պարզվում է, սա քովիդով միակ հիվանդը չի եղել, որին Բադալյանը վիրահատել է, բայց այս մեկը բարդ դեպքերից էր, այնքան բարդ, որ սանավիացիայի ուղղաթիռով ուղեղի անոթի պատռվածքով շտապ Երևան՝ համալսարանական առաջին հիվանդանոց են տեղափոխել Գորիսից:
Սևակ Բադալյան - Կրկնակի պատռվածքի ռիսկ ունեինք, տարբեր բարդությունների առաջացման ռիսկեր, անոթի սպազմ, ուստի հիվանդին ցուցված է պատռվածքից հետո շտապ վիրահատություն՝ կյանքին սպառնացող վտանգը վերացնելու համար:
Առաջին խնդիրը հիվանդի կյանքը փրկելն էր, երկրորդը՝ թե՛ անձնակազմի, թե՛ մյուս հիվանդների վարակումը կանխելը: Գործընթացը վերահսկել է համաճարակաբանների խումբը:
Սևակ Բադալյան - Էստեղ մեր համաճարակաբանների ցուցումով կազմակերպվել է հատուկ ուղի, որպեսզի հիվանդների վարակման ռիսկը փոքրացնենք: ԿՏ հետազոտություն, այնտեղից տեղափոխվել է նախապատրաստման և շտապ վիրահատություն է կատարվել, դրանից հետո էլ գնտվել է մեկուսարանում՝ մինչև որ ստացել ենք թեստի պատասխանը:
Բուժանձնակազմը նույնպես այդ դեպքից հետո թեստավորվել է: Փաստորեն, զգուշավոր են եղել, ոչ ոք չի վարակվել: Իսկ հիվանդն արդեն տանն է շարունակում բուժումը, կաթվածի հետևանքները պրոֆեսիոնալ ձեռքերի շնորհիվ աստիճանաբար վերանում են, կորոնավիրուսն էլ մինչև հիվանդանոցից դուրս գրվելն էր հաղթահարել: Ինչպե՞ս է հիվանդը հոգեբանորեն տարել այս երկու բարդ խնդիրները միաժամանակ, բժիշկը դեռ տեղյակ չէ, անկեղծ ասած, շփվելու ժամանակ չեմ ունեցել, ասում է, կենտրոնացել եմ նրա բուժման վրա: Բացի այդ, բժշկին բազմաթիվ վտանգված կյանքեր էին սպասում:
Ի դեպ, մեր նկարահանման պահին պատահաբար բացահայտեցինք նաև, որ օրերով նրա հետ հանդիպմանն են սպասում նաև հիվանդների հարազատները: Երազում են տեսնել ու շնորհակալություն հայտնել: Հանդիպեցին ու... օրհնանքների տարափը սկսվել ու չէր դադարում: Զարմացած են. «Այսքան երիտասարդ ու այսքան հմո՞ւտ»:
Սա այն հիվանդի եղբայրն է, որի վիրահատության օրը մեզ ուղիղ 10 ժամ չհաջողվեց հարցազրույց վերցնել Բադալյանից: Արդեն վիրահատությունից հետո հիվանդի հարազատները բժշկի մասին խոսելիս նրան անվանում են մարդ-աստված:
Բոլորը երջանիկ են ու անչափ գոհ: Ամբողջ պատմության մեջ միայն մեկ դժգոհ մարդ կա՝ բժշկի դուստրը, որ 3 տարեկան է, չի համակերպվում հայրիկի երկարատև բացակայությունների հետ:
Ոչինչ, քիչ մեծանա, կհասկանա, թե ամեն մի ժամը որքան կյանք արժե, վստահ է բժիշկը: