Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, սարամեջցիներին տված խոստմանը հավատարիմ, այսօր Սարամեջ համայնքում էր՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին, բնակչության դժգոհության պատճառներին: Մարզի ղեկավարին ուղեկցում էին մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաներ:
Բանն այն է, որ օրեր առաջ, Սարամեջ համայնքի մի խումբ բնակիչներ մարզպետարանի բակում տեսակցել էին մարզի ղեկավարին, ներկայացրել իրենց բողոքը՝ կապված համայնքային մի շարք խնդիրների հետ, իրենց դժգոհությունը նաև՝ համայնքապետի և ավագանու ոչ ռացիոնալ աշխատանքի վերաբերյալ:
Մինչ համայնքի բնակիչների հետ հանդիպումը՝ Ա. Ղուկասյանը ծանոթացել է նախորդ տարի պետություն-համայնք համատեղ ներդրմամբ, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացված համայնքի գլխավոր ճանապարհի շուրջ 300 մ հատվածի ասֆալտապատման աշխատանքներին: Ասֆալտի խտությունը համապատասխանում է չափորոշիչներին, սակայն շինարարական կազմակերպությունը ասֆալտի մակերևութային մշակումն անորակ կերպով է իրականացրել, ինչն էլ առաջացրեց մարզի ղեկավարի դժգոհությունը:
Ա. Ղուկասյանի պահանջն է՝ մեկ շաբաթվա ընթացքում վերացնել բոլոր խնդիրները: Շինարարը խոստացել է վերացնել անորակությունները, նաև վստահեցրել. երեք տարի ճանապարհի երաշխիքային սպասարկում կիրականացնեն:
Համայնքում այս տարի սուբվենցոն միջոցներով նաև գիշերային լուսավորության համակարգ է կառուցվում՝ տեղադրվել է 90 նոր լուսատու. այստեղ ևս մարզպետը խնդիրներ է արձանագրում և պահանջում՝ շտկել ամենասեղմ ժամկետներում: Մարզպետարանի պաշտոնյաների հանդիպումը համայնքի բնակիչների հետ համայնքապետարանում էր:
Ա. Ղուկասյանի առաջին նկատառումն է՝ համայնքում իրականացվում է ոչ արդյունավետ կառավարում. համայնքի տարեկան բյուջեն շուրջ 46 մլն դրամ է, որից 30 մլն դրամը ծախսվում է համայնքապետարանի կառավարման ապարատի վրա: Համայնքում յուրաքանչյուր տարի առավելագույնը մեկ սուբվենցիոն ծրագիր է իրականացվում, մինչդեռ Ա. Ղուկասյանը համայնքի բնակիչներին վստահեցնում է, սեփական միջոցները արդյունավետ կառավարելով՝ համայնքային բյուջեից սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կարելի է յուրաքանչյուր տարի ներդնել 18-20 մլն դրամ, իսկ այդ գումարը պետությունը պատրաստ է կրկնապատկելու և եռապատկելու.
«Յուրաքանչյուր տարի սուբվենցիոն ծրագրերի հայտերի քննարկման ժամանակ առաջարկում ենք՝ շատ ծրագրեր ներկայացնել: Այն համայնքները, որոնք արդյունավետ են տնօրինում իրենց միջոցները կարողանում են առավելագույն թվով ծրագրեր իրականացնել, ինչից շահում է համայնքը և բնակիչը»,- ասել է Ա. Ղուկասյանը՝ որպես օրինակ ներկայացնելով այլ համայնքների, որտեղ բնակչության գրեթե նույն թվաքանակի և համարժեք բյուջեի պարագայում աշխատակազմում գրեթե կիսով չափ ավելի պակաս աշխատակիցներ կան և կրկնակի անգամ ավելի շատ սուբվենցիոն ծրագրեր են իրականացնում:
Սարամեջ համայնքում, ինչպես նշեցին բնակիչները, ոռոգման համակարգի կառուցման, ճանապարհի բարեկարգման, նոր կառուցված թաղամասի գազաֆիկացման, ինչպես նաև մանկապարտեզի կառուցման անհրաժեշտություն կա:
Մարզի ղեկավարը հորդորոել է համայնքի ղեկավարին և ավագանուն. համայնքում մասնակցային կառավարում իրականացնել, բնակիչներին հանգամանորեն ներկայացնել բյուջեի եկամուտներն ու ծախսերը: Նրանց հետ համագործակցությամբ նաև որոշել համայնքի ամենառաջնային խնդիրները և ներկայացնել հաջորդ տարի սուբվենիցոն ծրագրերով իրականացնելու համար: Համայնքի բնակիչներին էլ մարզի ղեկավարը խորհուրդ է տվել լինել ավելի նախաձեռնող և պահանջատեր:
Գ. Մարկոսյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ցանկացած օր այցելել համայնք և ակտիվ երիտասարդների հետ քննարկել առկա խնդիրները, դրանց լուծման ճանապարհներ նախանշել: