ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր դեբատների ժամանակ:
Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Կայուն զարգացում-2030 օրակարգի արդյունավետ իրականացումը՝ շեշտելով, որ 2020 թ․ հուլիսի 10-ին Հայաստանը ներկայացրեց Կայուն զարգացման նպատակների իր երկրորդ կամավոր ազգային զեկույցը: «Այս տարվա Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի թեման՝ «Արագացված գործողությունները և փոխակերպման ուղիները», կատարելապես արտացոլում է 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի հռչակած ազգային առաջնահերթություններն ու քաղաքականությունը:
Ունենալով ժողովրդի լիարժեք աջակցությունը՝ մեր կառավարությունը վճռական է՝ իրականացնելու բարեփոխումների իր հավակնոտ օրակարգը, որը միտված է պետական հզոր հաստատությունների միջոցով մրցունակ և ներառական ժողովրդավարական հասարակության կառուցմանը: Բարեփոխումների օրակարգը ներառում է հասարակական կյանքի յուրաքանչյուր ոլորտ՝ շեշտը դնելով մարդու իրավունքների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, անկախ դատական համակարգի և պետական կառավարման բարելավման վրա:
Մենք հետամուտ ենք լայնածավալ տնտեսական և սոցիալական զարգացման օրակարգին՝ ապավինելով տեխնոլոգիական, բնապահպանական և կրթական բարձր չափանիշների: Այս շաբաթ մեր կառավարությունը շրջանառության մեջ դրեց Մինչև 2050 թվականը Հայաստանի փոխակերպման ռազմավարության նախագիծը, որում թվարկված են 16 գերնպատակներ՝ խարսխված արդիականության և առաջընթացի համարձակ տեսլականի վրա»,- նշել է Կառավարության ղեկավարը:
Փաշինյանի խոսքով՝ Միավորված ազգերի կազմակերպության 75-րդ տարեդարձը ստիպում է ընդունել մարդկային արժանապատվության և մարդու իրավունքներին սպառնացող բազմաթիվ մարտահրավերների առկայությունը: Ըստ վարչապետի՝ որպես Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ Հայաստանը շարունակելու է մեծապես նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը և ամրապնդմանը միտված միջազգային համագործակցությանը:
«Ինչպես իր ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը կարևորում է բոլոր քաղաքացիների իրավահավասարությունը և կանանց ու երիտասարդների ակտիվ մասնակցությունը քաղաքական և հասարակական կյանքին:
Հակամարտության գոտիներում կանանց իրավունքների պաշտպանությունը և իրենց մասնակցությունը հակամարտության լուծման բոլոր փուլերին կարևոր նշանակություն ունեն: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձևի դրույթների կիրարկումը մեր կառավարության կարևորագույն գերակայություններից է:
Ցեղասպանությունների կանխարգելումը մշտապես բացարձակ առաջնահերթություն է եղել Հայաստանի համար: Որպես ցեղասպանության սարսափներ վերապրած ժողովուրդ՝ մենք բարոյական պատասխանատվություն ունենք մարդկության առջև` պահպանելու ցեղասպանությունների զոհերի հիշատակը և նպաստելու այդ սարսափելի ոճիրի կրկնության կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:
Մենք բարձր ենք գնահատում արդյունավետ կանխարգելման միջազգային օրակարգի առաջ մղմանն ուղղված Հայաստանի ջանքերին՝ Մարդու իրավունքների խորհրդի միջոցով միջազգային հանրության արտահայտած աջակցությունը:
Հայաստանն աջակցում է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի վերաբերյալ կառավարությունների, խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության միջև ներառական երկխոսության հարթակների ստեղծմանը: Հայաստանում պարբերաբար անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության գլոբալ ֆորումը» դարձել է երկխոսության այդպիսի հերթական հարթակը:
Միավորված ազգերի կազմակերպության 75-ամյակը պատեհ առիթ է վերահաստատելու խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների երեք փոխկապակցված հիմնասյուների կարևորությունը:
Ընթացիկ հակամարտությունները, արմատականության և անհանդուրժողականության շարունակական առկայությունը, անդրազգային և համամոլորակային մարտահրավերները բացահայտում են մեր հավաքական թուլություններն ու փոխկախվածությունը:
Ինչպես միշտ, մեզ անհրաժեշտ է արդյունավետ բազմակողմանիություն և հետևաբար, ուժեղ և բարեփոխված Միավորված ազգերի կազմակերպություն՝ գալիք սերունդների համար ավելի լավ ապագա, խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: