Սեպտեմբերի 24-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։
Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը կարևորել է Հայաստանի ոստիկանության և Հնդկաստանի դեսպանատան միջև առկա սերտ համագործակցությունը։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Հնդկաստանի իրավապահ կառույցների միջև փոխգործակցությունն ավելի կամրապնդվի։
Որպես օրինակ՝ Վահե Ղազարյանը հիշատակել է այդ համագործակցության շրջանակներում հայ ոստիկանների մասնակցությունը Հնդկաստանում վերապատրաստման դասընթացներին։
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ։
Կիշան Դան Դեվալը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հաջողություն է մաղթել ոստիկանության բարեփոխումների ծրագրերի բարեհաջող իրականացմանը։
Դեսպանն ընդգծել է Հայաստանի և Հնդկաստանի իրավապահ կառույցների արդյունավետ համագործակցությունը հատկապես Ինտերպոլի շրջանակներում, ինչի շնորհիվ պատասխանատվությունից խուսափող հետախուզվողներ են հայտնաբերվում և ներկայացվում արդարադատությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։