Ախուրյանի 2-րդ դպրոցում կորոնավիրուս է հաստատվել երեք տասնյակ աշխատակցի մոտ, նրանց մի մասը վիրուսակիր է առանց ախտանշանի, կան, որ ջերմում են։ Այստեղ ուսումնական տարվա առաջին օրը շփում է եղել վարակակիրների ու մյուսների միջև։ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի վարակաբանները վարակի շղթան հայտնաբերել են և կտրել։ Կարանտինի մեջ են մանկավարժներ և աշխատակիցներ։
Հաջորդ համեմատաբար թեժ կետը Շիրակի պետական համալսարանի հենակետային վարժարանում է։ Իսկ ընդհանրապես բժիշկները գոհ են արդյունքից։
Լեյլի Ասլանյան, Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ - Թեստավորվել է 2200 անձնակազմ, դա կազմում է մոտ 40 տոկոսը, 2200-ի մեջ ունենք 30 դրական դեպք։
Վարակակիրները հսկողության տակ են, թեթև և միջին ծանրության հիվանդներ են, մեկուսացած աշակերտներին ևս հսկում են, ցուցումներ լինելու դեպքում կթեստավորեն։
Լեյլի Ասլանյան, Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ - Ունենք ջերմողներ, նրանք, ովքեր ունեն կլինիկական ախտանշաններ, վերցվում են հսկողության տակ:
Կրթության և առողջապահության բաժինները համատեղ աշխատում են, վերահսկում, արդյո՞ք պահպնավում են հակահամաճարակային կանոնները։ Դիմակ կրելու համար, որ բողոքում են, լսել են, բայց պաշտոնական բողոք չեն ստացել, պահանջվող ցուցումների մասով էլ կրթօջախներում դժվարությունների չեն հանդիպել։
Շիրակի մարզում այս տարի 3100 առաջին դասարանցի է ընդունվել, վերջին տարիներին այս ցուցանիշը անփոփոխ է։ Մարզի կրթական հաստատություններում աշխատողների թիվը 6000 է։ Նրանց 60 տոկոսին դեռ կթեստավորեն։ Թե երբ կավարտեն, ժամկետները պարզ չեն։ Բայց որն է այս միջոցառման արդյունավետությունը: Դպրոցները փակ հաստատություն չեն և եթե այսօր մի դպրոցում վարակակիր չկա, ապա վաղը կարող է լինել։
Ընդհանուր պատկերը գոհացնող է կրթական հաստատություններից դուրս էլ։ Վերջին մի քանի օրում հանրապետությունում նկատվում է վարակակիրների թվի աճ, իսկ Շիրակում վերջին տասը օրում թիվը նվազում է։