Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսությունում» է եղել:
Նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել անձնակազմի հետ, քննարկել առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման համատեքստում համատեղ անելիքները:
Անհրաժեշտ է կարճ ժամկետներում գույքագրել բոլոր խնդիրները, հավասարակշռված և արդյունավետ կառավարման մեխանիզմներ ներդնել, աշխատանքներն ինչպես գոծնական, այնպես էլ օրենսդրական դաշտում դնել ինստիտուցիոնալ հենքի վրա։
Վանաձորի անտառտնտեսությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են նաև Լոռու մարզպետը, ՇՄ նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։
Նախարարն անդրադարձել է արձանագրվող անտառխախտման, փայտագողության դեպքերին, որոնք անհանգստացնող են իրենց ծավալներով։
Խնդրի լուծման համար անհրաժեշտ է ներդնել ոչ միայն գործուն միջոցներ ու գործիքակազմ, այլև կամք՝ անտառին սպառնացող վտանգները չեզոքացնելու համար։
«Հուժկու պայքարն անտառխախտումների դեմ և կարճ ժամկետներում շեշտակի արդյունքների գրանցումն առաջնահերթություն է։ Մենք անհանդուրժող ենք լինելու անտառի հաշվին սեփական կարիքները բավարարողների հանդեպ»,- եզրափակել է նախարար Պետրոսյանը։