Մայրաքաղաքում նոր տեղադրված, բայց դեռևս չաշխատող վերելակները շուտով կբացեն դռները: Խնդիրն ավելի քան 3 տասնյակ բարձրահարկ շենքերում է, որոնց բնակիչները դրսում մաքուր օդ շնչելու մասին մոռացել են:
2 ամսում բնակիչների ուրախությունն ու ոգևորությունը պակասեց այնքան, որ մարդիկ դարձան նյարդային: Քաղաքապետարանը ամիսներ առաջ հայտարարել էր՝ այս տարի 500 վերելակ են հիմնանորոգելու: 90-ականներից նման ծավալի աշխատանք մայրաքաղաքի շենքերում չի եղել: Գործընթացը դեռ շարունակվում է: Փոխված վերելակների մի մասը, սակայն, չի աշխատում:
Խաչիկ Թումասյան, Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամաս 23 շենքի բնակիչ - Հուլիսի 20-ից քանդել են, սեպտեմբերի 20-ին պավարտել աշխատանքները:
Քուչակ թաղամասի 23 շենքի միակ վերելակը հաջողությամբ փոխվել է, փորձնական մեկ օր աշխատել ու փակել դռները բոլորի առաջ: 9 հարկանի շենքի մի քանի ընտանիքում հաշմանդամություն ունեցողներ կան, նաև տարեցներն են դժվարանում ոտքով բարձրանալ:
Շուրիկ Հունանյան, Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամաս 23 շենքի բնակիչ - 980 տարեկան մարդ եմ, 3 ամիս է ոտքով եմ բարձրանում, չենք կարողանում շնչել, ապրել, ավելի լավ էր հինը թողեին, գոնե աշխատում էր:
Անժելա Խաչատրյան, Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամաս 23 շենքի բնակիչ - 2 շաբաթ է արդեն ԱԻՆ-ը եկել, ընդունել է, բայց չեն միացնում, ես ունեմ ծանր հիվանդ՝ սայլակով, 2 ամիս է չեմ կարում իջեցնել դուրս:
Դրսում մաքուր օդ շնչելու մասին չեն էլ մտածում: Նախ հիվանդանոց գնալն է խնդիր:
Սիլվարդ Սարգսյան, Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամաս 23 շենքի բնակիչ - Ես աշխատողներին հարցրեցի, ասացին, որ մեզ գումարը չեն տվել: Մենք համաձայն էինք, այո, որ վերելակը փոխեին, որովհետև ես 2 անգամ իմ երեխայի հետ մնացել եմ վերելակում, շնորհակալ ենք, որ որոշեցին այդ վերելակը վերանորոգել, բայց խնդրում ենք` մի քիչ մարդկային վերաբերվել, որովհետև ունենք հիվանդներ, ունենք խնդրով մարդիկ, երեխաներ:
Խնդիրը պարզաբանում են քաղաքապետարանից: Գումարը կա, կապալառուն բարեխիղճ է աշխատում, սակայն ծավալները հաշվի առնելով` տեխնիկական խնդիրներն անխուսափելի են:
Հակոբ Կարապետյան, Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար - Մենք բախվել ենք նման տեխնիկական խնդիրներից մեկի հետ, որը կապ ունի քաղաքապետարանի և կապալառուի միջև կնքված որոշակի կետերի հետ, ինչն իրավական առումով խոչընդոտում էր քաղաքապետարանին կատարել վճարումները:
Խնդիրը լուծվել է կառավարության սեպտեմբերի 24-ի որոշմամբ: Քաղաքապետարանին թույլ է տրվել կատարել այդ վճարումները:
Հակոբ Կարապետյան, Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար - Բառացիօրեն առաջիկա օրերի ընթացքում այդ վճարումները տեղի կունենան և, կարծում եմ, որևէ պատճառ չի լինի, որ կազմակերպության աշխատակիցները հրաժարվեն կատարել իրենց պարտականությունները:
Նախատեսված 500 վերելակից 134-ն արդեն տեղադրված է, դրանցից 100-ն աշխատում է: Շուտով 34-ն էլ կգործարկվի: Հակոբ Կարապետյանը վստահեցնում է՝ խնդրի իրավական խոչընդոտը վերացված է: Կապալառուն ևս հավատացնում է, որ աշխատանքները շարունակվում են:
Ռաֆայել Գրիգորյան, «Ռաֆայել Գրիգ» ՓԲԸ տնօրեն - Եղել են մի որոշակի դժվարություններ՝ վճարման հարցերի հետ կապված, մենք արդեն հաղթահարել ենք քաղաքապետարանի հետ միասին, հիմա չկա դժվար հարց, վերելակներն աշխատելու են, սպասարկվելու են ու նորմալ է լինելու:
Մինչև տարվա վերջ 500 վերելակները տեղադրված կլինեն, ուշացումներ չի լինի: Քաղաքապետարանից ասում են՝ Քուչակ թաղամասի 23 շենքի բնակիչները 24 ժամվա ընթացքում աշխատող նոր վերելակ կունենան: