Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական հետևանքներն արդյունավետ լուծելու նպատակով պլանն առաջարկում է ներառական մոտեցում, որը հնարավորություն կընձեռի փրկել կյանքեր, չանտեսելով ոչ մեկին՝ պաշտպանել մարդկանց և համայնքները՝ միաժամանակ վերականգնվելով ավելի լավ հիմունքներով: Պլանը մշակվել է ՄԱԿ-ի հայաստանյան թիմի կողմից՝ ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններից հետո: Այս մասին տեղեկացնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:
Պլանը կազմվել է ՄԱԿ-ի համաշխարհային շրջանակի կառուցվածքի հիման վրա՝ կենտրոնանալով ռազմավարական 5 հիմնասյան վրա՝ 1) առողջապահություն, 2) բնակչության պաշտպանություն, 3) տնտեսական արձագանք և վերականգնում, 4) մակրոտնտեսական արձագանք և բազմակողմ համագործակցություն, 5) սոցիալական համախմբվածություն և կայուն համայնքներ: Բացի դրանից՝ պլանը ներառում է համավարակի հետևանքների լուծմանն ուղղված երեք տեսակի ծրագրային արձագանք՝ 1) ընթացիկ ծրագրեր, որոնք արագ վերապրոֆիլավորվել են՝ արձագանքելու ՔՈՎԻԴ-19 ճգնաժամին, 2) նոր ծրագրեր, որոնք արդեն իսկ իրականացման փուլում են, և 3) առաջարկվող ծրագրեր, որոնք կազմում են առաջնահերթ գործողությունների շարք՝ անհրաժեշտ երկրի և բնակչության վրա ՔՈՎԻԴ-19-ի բացասական ազդեցությունը հաղթահարելու համար:
«Մենք անչափ գնահատում ենք ՀՀ կառավարության և մեր բոլոր դոնոր գործընկերների աջակցությունը՝ այս պլանը այդքան հրատապ գործարկելու համար: ՄԱԿ-ի տասներկու գործակալությունները, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, համախմբվեցին համաշխարհային լավագույն փորձը հայկական համատեքստում իրագործելու համար՝ ընդգծելով հրատապ կարիքները և մինչ օրս գրանցած կարևոր ձեռքբերումները, ինչպես նաև՝ միջնաժամկետ հեռանկարում առկա բացերը: Այս ամենի նպատակն է օգնել մարդկանց հաղթահարել համավարակը և դրանից դուրս գալ ապագայի ճգնաժամերի հանդեպ ավելի դիմացկուն համայնքներով և ազգային համակարգերով: Մենք մեր ուշադրության կենտրոնում ենք պահել սոցիալական պաշտպանությունը, փոքր և միջին բիզնեսները, գենդերային հավասարությունը, շրջակա միջավայրը և կանաչ աճը՝ Կայուն զարգացման նպատակների և Հայաստանի վերափոխման նոր ռազմավարության ձեռքբերման ճանապարհին կարևոր գործընթացներն արագացնելու նպատակով»,- ընդգծել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը:
Սոցիալ-տնտեսական արձագանքման և վերականգնման պլանը մշակվել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ընդհանուր ղեկավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեխնիկական ղեկավարության ներքո և առաջնորդվում է ազգային առաջնահերթություններով և կարիքներով, ինչպես նաև՝ հիմնվում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմի և գործընկերների կողմից իրականացված սոցիալական և տնտեսական հետևանքների գնահատումների վրա: Պլանը ներկայացնում է վերականգնման ինտեգրված մոտեցում, որը համատեղում է ՄԱԿ-ի զարգացման համակարգի փորձագիտական ներուժը և ռեսուրսները, ներառյալ՝ Հայաստանում ներկայացված ՄԱԿ-ի 12 գործակալությունները և երկու Տարածաշրջանային տնտեսական հանձնաժողովները՝ զարգացման գործընկերների հետ համագործակցությամբ: Պլանը նաև հիմնվել է ՄԱԿ-ի կողմից իրականացված մի շարք գնահատումներից ստացված ապացույցների և եզրակացությունների վրա, հատկապես՝ սույն թվականի սեպտեմբերին ավարտված ՔՈՎԻԴ-19 սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատման (ՍՏԱԳ) զեկույցի վրա, որն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարության ներքո:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական արձագանքման և վերականգնման պլանը մշակվել է Հայաստանի՝ ՔՈՎԻԴ-19 համավարակին արձագանքելու կարևոր պահի: «Այն գործնական շրջանա է, որն անդրադառնում է և՛ ճգնաժամին անհապաղ արձագանքմանը՝ ներառյալ արդեն իսկ ձեռք բերած նվաճումները, և՛ ավելի լավ հիմունքներով վերականգնման համար անհրաժեշտ երկարաժամկետ կարիքներին: Քանի որ մենք ներկայումս մշակում ենք վերականգնման մեր միջնաժամկետ ծրագիրը, Հայաստանի կառավարությունը ողջունում է ՄԱԿ-ի փոխլրացնող ջանքերը և ձգտելու է հիմնվել դրանց վրա՝ մեր՝ զարգացման այլ միջազգային գործընկերների հետ միասին: ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների դեմ համատեղ պայքարը կարևոր քայլ է դեպի Հայաստանում կայուն զարգացման ընդհանուր տեսլականը»,- ավելացրել է փոխվարչապետը:
Պլանում նկարագրված ռազմավարական ուղղությունները և ծրագրերն ընդգրկում են առաջիկա 12-18 ամիսները՝ կենտրոնանալով վիրուսի տարածումը կանխելու և համավարակը դադարեցնելու նպատակով անհապաղ առողջապահական արձագանքի վրա և անդրադառնալով կարճաժամկետ սոցիալական, տնտեսական և մարդասիրական կարիքներին: Միևնույն ժամանակ, պլանը կենտրոնանում է ավելի միջնաժամկետ և երկարաժամկետ սոցիալական, տնտեսական և առողջապահական հետևանքների վրա՝ փորձելով առաջնահերթ լուծել ամենախոցելիների կարիքները:
Մինչ Սոցիալ-տնտեսական արձագանքման և վերականգնման պլանի բյուջեն կազմում է 33.1 միլիոն ԱՄՆ դոլար, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և դոնոր գործընկերների համատեղ ջանքերի շնորհիվ, անհրաժեշտ ֆինասավորման չափը կազմում է 15.2 միլիոն ԱՄՆ դոլար: Մինչ օրս հաջողությամբ վերապրոֆիլավորվել են ընդհանուր շուրջ 2.7 միլիոն ԱՄՆ դոլար բյուջեով ընթացիկ ծրագրեր, ևս 15.2 միլիոնը արդեն իսկ հավաքագրվել է նոր ծրագրերի համար, որոնք կնպաստեն ՔՈՎԻԴ-19-ի արձագանքմանն ու վերականգնմանը ուղղած ջանքերին:
Սոցիալ-տնտեսական արձագանքման և վերականգնման պլանը ներկայացվել է Կառավարությանը և միջազգային գործընկերներին Զարգացման գործընկերների համակարգման հարթակի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին: Հանդիպումը համանախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը: