Հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.4 տոկոսով. 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվությունից:
Հիմնականում նվազել են շինարարության ծավալները՝ 19.1 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 11.5 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 10.8 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 10.2 տոկոսով: Արտահանումն այս ընթացքում նվազել է 6 տոկոսով, ներկրումը՝ 12.4 տոկոս:
Ըստ վիճակագրական կոմիտեի, փոխարենը աճել են արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 0.9 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 1.9 տոկոս, միջին անվանական աշխատավարձը՝ 4.7 տոկոս:
Թեև ութ ամսվա կտրվածքով Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է, սակայն վերջին ամիսներին աճ է գրանցվել: Մասնավորապես, օգոստոսին հուլիսի համեմատ ՏԱՑ-ը աճել է 7.4 տոկոս, հուլիսին՝ հունիսի համեմատ՝ 9.7 տոկոս, հունիսին մայիսի համեմատ՝ 14.8 տոկոս, իսկ մայիսին՝ ապրիլի համեմատ՝ 13.3 տոկոս: