2020 թ. սեպտեմբերի 13-23-ը առցանց անցկացվել է ինֆորմատիկայի միջազգային 32-րդ օլիմպիադան:
Հայաստանի բոլոր մասնակիցներն արժանացել են մեդալների․ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էմիլ Կոստանյանը և «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի սան Սամվել Անդրեասյանը նվաճել են արծաթե, իսկ «Քվանտ» վարժարանի աշակերտներ Արայի Խալաթյանը (10-րդ դասարան) և Ալեքսանդր Աբելյանը (11-րդ դասարան)՝ բրոնզե մեդալներ։
Թիմի հետ աշխատել են ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը և նույն ֆակուլտետի մագիստրոս Լևոն Մուրադյանը։
Օլիմպիադան պետք է տեղի ունենար Սինգապուրում հուլիսին, սակայն համավարակի պատճառով այն նախ հետաձգվել էր մինչև սեպտեմբեր, ապա որոշվել էր անցկացնել առցանց։ Օլիմպիադային մասնակցել է 87 երկրի 343 դպրոցական։
Մեդալների ընդհանուր հաշվարկում Հայաստանը Հնդկաստանի հետ կիսում է 23-րդ հորիզոնականը։