ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը ՍԴ աշխատանքային նիստի ավարտից հետո հայտնեց՝ առաջադրված միակ թեկնածուն՝ Երվանդ Խունդկարյանը, չի ստացել անհրաժեշտ թվով կողմ ձայներ, հետևաբար չի ընտրվել ՍԴ նախագահ: Նրա թեկնածությունը մերժվել է 3 դեմ ձայնով, կողմ է քվեարկել 2 ՍԴ դատավոր:
«Ես մասնակցել եմ քվեարկությանը: Առաջադրված միակ թեկնածուն անհրաժեշտ թվով կողմ ձայներ չի հավաքել: Հետևաբար, «ՍԴ մասին» օրենքին, ՍԴ աշխատակարգին համապատասխան, սահմանված ժամկետում կկազմակերպվեն և կանցկացվեն ՍԴ նախագահի նոր ընտրություններ, կլինեն նոր առաջադրումներ»,- նշեց Շաթիրյանը:
Շաթիրյանի խոսքով՝ թեկնածուին ուղղվել են մեծաթիվ հարցեր, նաև ինքն է հարցեր ուղղել և արդյունքում ձևավորված ներքին համոզմունքով արտահայտել է իր դիրքորոշումը: Շաթիրյանը Խունդկարյանից հետաքրքրվել է ՍԴ որոշումների կատարումներից:
ՍԴ դատավորն ասաց, որ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է աշխատանքային ժամի ավարտի կապակցությամբ: Այն կշարունակվի երկուշաբթի՝ ժամը 11:00-ին: