Դեռևս որոշում չկա, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու՝ լրագրողներին տեղեկացրեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
«Էն պահից, երբ Վերաքննիչ դատարանը որոշեց, որ գործը պետք է հետ ուղարկի Առաջին ատյան նոր քննության, բողոքները ներկայացնելուց հետո մենք տեղեկություններ ենք ստացել, որ ինչ-որ պաշտոնատար անձանց միջամտությունների արդյունքում որոշում է կայացվել նախապես, որ Վճռաբեկ բողոքները պետք է հնարավորինս արագ մերժվի, և մերժվելն էլ պետք է էնպես լինի, որ ժամկետները համապատասխանեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի հերթապահությանը: Եվ էս հերթապահության օրը քանի որ հենց մեկ շաբաթ էր, որոշվել է այն մուտքագրել հենց այս օրը, որ հստակ հանձնարարվի դատավոր Մնացական Մարտիրոսյանին»,- նշեց Երեմ Սարգսյանը՝ հրաժարվելով, սակայն, տալ պաշտոնատար անձի անունը:
Ինչ վերաբերում է նախորդ դատական նիստին չներկայանալուն, Սարգսյանի խոսքով՝ պատշաճ ծանուցում չի եղել, և որևէ հավաստում չկա, որ պաշտպանները ծանուցված են եղել:
«Եթե դատավորը գիտի, որ այս ժամկետում չի կարող ծանուցել, ի՞նչն էր խանգարում 23-ի փոխարեն միանգամից 25-ին նշանակել, եթե չենք շտապում: Չէ, պետք է արագ լինի, իսկ արագությունը ինչո՞վ է պայմանավորված: Որովհետև հստակ հայտարարություններ կան, քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, Ծառուկյանը հանդիպումներ է ունենում ԲՀԿ-ի ակտիվի հետ, նաև հանրահավաք է նախանշված: Այսինքն՝ այս ամեն ինչը հրատապության կարիք ունի»,- նշեց փաստաբանը:
Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ միաժամանակ արձանագրելով, որ գործում առկա է հիմնավոր կասկածը: Դատախազությունը Վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը հուլիսի 8-ին մասնակի բավարարվել էր, և կալանավորելու հարցը ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։