Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչ միջնորդության քննությունը:
Հիշեցնենք՝ երկու օր առաջ նշանակված դատական նիստը հետաձգվեց՝ Գագիկ Ծառուկյանի և նրա պաշտպանների չներկայանալու պատճառով:
Այսօր Ծառուկյանը ներկայացել էր դատարան: Լրագրողների հետ զրույցում նշեց՝ բարձր տրամադրությամբ է դատարան եկել: «Ծառուկյանին ինչ ա եղել, որ տրամադրությունը լավ չլինի»,- հայտարարեց նա:
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ միաժամանակ արձանագրելով, որ գործում առկա է հիմնավոր կասկածը: Դատախազություն Վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը հուլիսի 8-ին մասնակի բավարարվել էր, և կալանավորելու հարցը ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։