Երվանդ Խունդկարյանը իմ նախընտրելի թեկնածուներից մեկն է եղել, բայց դա զրո նշանակություն ունի, եթե գործընթացը դրսից է ուղղորդված՝ հայտարարել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում:
«Ես երեկ խոսել եմ գրեթե բոլոր դատավորների մասին և ասել եմ, ինչու իրենց թեկնածությունը չեմ առաջադրում»,- նշեց նա:
Թովմասյանն այսօր չի մասնակցում ՍԴ աշխատակարգային նիստին, որի ընթացքում քննարկվում է ՍԴ նախագահի ընտրության հարցը: ՍԴ դատավորներն իրենց հարցերն են ուղղում ՍԴ նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանին:
Թովմասյանը մեկնաբանեց, որ հարցերի փուլն այլևս իր համար հետաքրքրիր չէ, և սկզբուքներեն չի մասնակցում նիստին:
«Ես տպավորություն ստացա, որ այն դրսից ուղղորդված է»,- ասաց Թովմասյանը՝ պատճառաբանելով իր՝ նիստին չմասնակցելու որոշումը: Ըստ Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի կողմից ինքնուրույն, առանց արտաքին որևէ ներգործության ամենավատ թեկնածուի ընտրությունը շատ ավելի լավ է:
«Այդ դեպքում խոսվում է, հաստատվում է, արձանագրվում Սահմանադրական դատարանի ինքնուրույնությունն ու անկախությունը, քան թե ի սկզբանե նոր կազմով նման էլեմենտների առկայությունը, որը շատ բացասական հետևանքներ կարող է ունենալ, եթե այդ ճանապարհով ընտրվում է անգամ ամենալավագույնը, որին նույնիսկ ես կցանկանայի»,- ասաց նա:
Թովմասյանը նաև հայտարարեց, որ իր տեղեկություններով քաղաքական շրջանակները այլ սցենարներ են քննարկել, և հնարավոր է ՍԴ նախագահի թեկնածուի նոր առաջադրումներ լինեն:
Հիշեցնենք՝ ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է մեկ թեկնածու՝ ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը: