Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մասնակցել է Լոռու մարզում My Forest Armenia կազմակերպության կողմից հիմնված տնկարանային տնտեսության բացման արարողությանը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՇՄ նախարարության խոսնակ Դավիթ Գրիգորյանը:
«Այս պահին տնկարանային տնտեսությունում արդեն առկա է 250.000 սերմնաբուսակ, որոնք մոտ ապագայում տնկվելու են Վանաձորի անտառտնտեսության տարածքում։
Սերմնաբուսակների կեսն արդեն պիտանի են տնկելու համար։
Նախատեսվում է անտառտնտեսության տարեկան հզորությունը հասցնել մինչև 400.000 տնկիի։
Տնկիների հիմնական մասը տեղածին են, որոնք ներկայացնում են Հայաստանի անտառկազմող և անտառգոյացնող տեսակներ, այդ թվում՝ խոշորառէջ կաղնի, թղկի սրատերև, թղկի բարձր լեռնային (վտանգված), սոճենի սովորական, կեռիկավոր (վտանգված) և այլն։
Շնորհավորելով ներկաներին նոր մեկնարկի կապակցությամբ՝ նախարար Պետրոսյանը փաստեց, որ ապագա անտառները ծնվելու են հենց այստեղ»,- գրել է նա։