«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է նախկին հայտարարությանը, թե իր նկատմամբ քրեական գործ է նախապատրաստվում: Պատգամավորը վստահորեն նշել է, թե իր հեռախոսը գաղտնալսվում է:
«Մենք ունենք տեղեկատվություն, որ թե՛ իմ, թե՛ Գևորգ Պետրոսյանի հանդեպ քրեական գործ է հարուցվելու: Փորձում են հասկանալ՝ ընտրությունների ժամանակ ես ուրևէ ընտրական մախինացիաների մեջ եղել եմ թե չէ: Ես չեմ բացառում, որ կհարուցեն քրեական գործ: Ես չգիտեմ՝ իրենք էդ ի՞նչ մահապարտներ կարող են գտնել, որ իմ և Գևորգ Պետրոսյանի դեմ ցուցմունքներ կտան: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ես ու ընտրական կեղծի՞քը: Առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ եթե Հայաստանի անկախությունից այս կողմ եղել են 15-20 լավագույն պատգամավորներ, դրանցից մեկը ես համարում եմ ինձ»,- նշել է Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը: Դատարանի մոտ են հավաքվել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները, Ծառուկյանի աջակիցները: