Էջմիածնի Ռոմանոս Մելիքյանի փողոցի այս տանն է ապրել մեծանուն ու բազմաժանր նկարիչ Եղիշե Թադևոսյանը: Տունը, որը ձեռքից-ձեռք է անցել և որտեղ հիմա ուրիշ մարդիկ են ապրում, նույնությամբ պահպանվել է ներսից ու դրսից: Տան ներկայիս բնակիչները պատմում են՝ Եղիշե Թադևոսյանը սիրել է Էջմիածինը պատկերել տանիքից: Միակ կենցաղային իրը, որ պատկանում էր նկարչին, տարիներ առաջ եկել-տարել են:
Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին նվիրված փառատոնն ազդարարվեց տան մոտից՝ նկարչի ծննդյան օրը: Էջմիածնի քաղաքապետարանը Թադևոսյանի հայրական տան պատին հուշատախտակ էր տեղադրել, բացումը ԿԳՄՍ նախարարի, մարզպետի ու քաղաքապետի ներկայությամբ է:
Առաջարկություն եղավ Թադևոսյանի տունը թանգարանի վերածել:
Փառատոնի հաջրդ կանգառը Հայաստանի ազգային պատկերսրահի մասնաճյուղ Մհեր Աբեղյանի թանգարանն է: Այստեղ էլ բացվեց անվանական ցուցահանդես, որտեղ նկարչի՝ տարբեր տարիների բազմաթիվ շրջագայությունների ընթացքում ստեղծած գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներն են, Էտյուդներն ու գծապատկերները:
Եղիշե Թադևոսյանի՝ որպես արվեստագետի ձևավորմանը նպաստել է հայոց հոգևոր մայրաքաղաքը, նաև փայտի փորագրիչ հայրն ու մորեղբայրը՝ Ներսես արքեպիսկոպոս Խուդավերդյանը, որը ժամանակին նկարազարդել է կաթողիկոսական կոնդակը:
Եղիշե Թադևոսյանի անունն է կրում Էջմիածնի գեղարվեստի դպրոցը, որի, ինչպես նաև Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների պլեներով էլ եզրափակվեց փառատոնի էջմիածնի մասը: