Արվեստագետ երկու ընկեր՝ նկարիչ ու բանաստեղծ, մտահոգ են այն փաստով, որ բնության մեջ նվազել է կաքավների թիվը: Որոշել են հնարավորության սահմաններում վերականգնել որսորդների՝ բնությանը հասցրած վնասը: Իրենք կաքավ են բազմացնում ու բաց թողնում ազատության մեջ:
Թռչունները պակասել են՝ նկատել է նկարիչ Ղազար Միրզոյանը, երբ մի քանի տարի առաջ` Նորավանքի կիրճում, չի լսել կաքավների ձայնը։ Ասում է՝ որսորդներ կան՝ միայն զվարճանալու համար անխնա ոչնչացնում են դրանց։
Ղազար Միրզոյան, աշխարհի հայ նկարիչների միության նախագահ - Կան սադիստներ, գազաններ, որ զենքերով գնում, մի քանի հարյուր հատ ոչնչոցնում են:
Բնությանը հասցրած վնասն ինչ-որ չափով վերականգնելու համար Ղազարն ընկերոջ՝ բանաստեղծ Արշակ Ազարյանի հետ տնտեսություն է հիմնել, կաքավ են բազմացնում և բաց թողնում բնության մեջ։
Ղազար Միրզոյան, աշխարհի հայ նկարիչների միության նախագահ - Քարակաքավն ու մոխրագույն կաքավը կանգնած են ոչնչացման եզրին։ Մենք էլ որոշեցինք բնությանն օգուտ տալ, արդեն 2 տարի՝ բաց ենք թողել։
Մոտ 100 կաքավ էլ ունեն՝ մայր բնությանը հանձնելու համար։ Որպեսզի փափուկ պայմաններում աճեցրած կաքավները հեշտ հարմարվեն վայրի միջավայրին, բնության մեջ բաց կթողնվեն գարնանը։ Հայաստանում ապրող 3 տեսակի կաքավներից՝ կիսատափաստանայինը վերացման եզրին է՝ ասում է Ղազար Միրզոյանը։ Իսկ քարակաքավն ու մոխրագույնը գրեթե մոտ են կարմիր գծին։ Իրենք կփորձեն վերականգնել անհետացող այդ տեսակները։
Ղազար Միրզոյան, աշխարհի հայ նկարիչների միության նախագահ - Պահենք, կերեկրենք, բաց թողենք բնության մեջ, որ որոշ չափով վերականգնենք թռչունների կոտորվող մասսան։
Վանդակից ներս բնական միջավայր են ստեղծել, իսկ կերը, որն ստանում են պրոտեինով հարուստ հատուկ աճեցրած որդերից, ևս բնականին մոտ համ ունի։ Հավազգի են, բայց հավի պես չեն՝ ասում է Ղազարը։ Սնվելու մեջ իրենց չափը գիտեն, կերամանը 5 օրը մեկ է թարմացվում։
Ղազար Միրզոյան, աշխարհի հայ նկարիչների միության նախագահ - Արիստոկրատ թռչուններ են՝ ուտելու առումով, կերավ-կշտացավ, վերջ:
Բնական միջավայրից կտրված լինելու պատճառով տնական կաքավները մարդամոտ ու մի քիչ էլ դանդաղաշարժ են։ Հենց դա էլ փրկելու է վայրի տեսակների կյանքը, երբ հայտնվեն նրանց կողքին՝ բնության մեջ։
Ղազար Միրզոյան, աշխարհի հայ նկարիչների միության նախագահ - Վահան եմ դրել անունը, որովհետև կրակոցի ձայնից մյուսներն ավելի արագ են փախնում, սրանք դառնում են վահան վայրիների համար։ Քանի որ իրենք մարդու հետ շատ են շփվել, մարդուց չեն վախենում։ Եթե բնության մեջ որսորդը մոտենա՝ արագ չի փախնի, ինչքան վայրի կաքավը, ու սա դառնում է թիրախ։ Սրան խփում են, նա հասցնում է թաքնվել։
Արվեստագետ ընկերների սկսած գործն առայժմ բիզնես նպատակ չի հետապնդում։ Այդ մասին հիմա չեն էլ մտածում։ Իրենց ուզածը բնության շնչառությունը բացելն է։
Արշակ Ազարյան, բանաստեղծ - Հայրենասիրական նվիրումն է, որ գնացել ենք այս քայլին, եթե այնքան լավ լինի, որ այդ գումարը ներդնենք իր մեջ՝ ավելի բարգավաճի, լավ կլինի, անձնական շահ չկա։
Արվեստագետ-բնասերները նաև արհեսատական թուխս կոչվող վանդակներ են ստեղծել, որոնք թռչունների համար միաժամանակյա տաք ու սառը պայմաններ կապահովեն։ Ասում են՝ այս տարբերակը լավագույնն է՝ կաքավներին բնությանն ընտելացնելու համար։
Կաքավների ու հայկական բնաշխարհի այլ թևավորների կողքին բնասեր ընկերները նաև տարաշխահիկ թռչուններ են բուծում։ Նոր միջավայրին հարմարվելու դեպքում՝ չեն բացառում, որ դրանց ևս բաց կթողնեն բնության մեջ։