Ապրիլյան քառօրյայից չորսուկես տարի անց Սահակյանների ընտանիքում վերածնունդ է: Ծնվել է Ադամ Սահակյանի եղբորորդին:
Գայանե Անտոնյան (Ապրիլյան պատերազմի մասնակից Ադամ Սահակյանի մայրը) - Բոլորը գրել էին՝ Ադամը վերածնվեց: Ոչ մեկը չէր գրել մեզ՝ ինչ անունով ենք մտադիր անվանակոչել, բոլորը, կարծես, համոզված էին՝ Ադամ պետք է լինի:
Երեխան դեռ ծննդատանն է: Համավարակի պատճառով հիվանդանոցում սահմանափակումները խիստ են, փոքրիկին չեն այցելել:
Գայանե Անտոնյան - Վիդեոկապով եմ տեսել, սպիտակ, սիրուն երեխա է:
Փոքրիկ Ադամի ծնունդն այս օրերին շատերի հիշողությունն է թարմացրել: Ադամ Սահակյանը զոհվել է 2016-ի ապրիլի 2-ին հակառակորդի հարձակման ժամանակ Արցախի Ջաբրայիլի մարտական դիրքը պաշտպանելիս:
Գայանե Անտոնյան - Կորստի բացը կա, որ երբեք չի լրացվի, բայց նաև սփոփանք, որ Ադամի հերոսությունն աննախադեպ է, սերն Ադամի հանդեպ անբացատրելի է. սիրում են մարդիկ, որոնք երբևէ չեն տեսել, չեն ճանաչել, բայց հարազատ են համարում:
Ի պատիվ հերոսի` 10-ը երեխայի Ադամ են անվանակոչել, երեխաների նկարներն ու ջերմ խոսքերն ուղարկել Գայանեին:
Կյանքը հայրենիքին նվիրած որդու մասին տան ամեն անկյունն է հիշեցնում: Բնակարանը նորոգել, թանգարանի են վերածել:
Գայանե Անտոնյանի հեռախոսը չի լռում, Ադամի ծննդյան մաղթանքներն աշխարհի տարբեր ծայրերից են:
Գայանե Անտոնյան - Շնորհավորում են անծանոթ մարդիկ, այնքան օրհնություն են հղում մեր ընտանիքին. մեզ ուժ է տալիս: Նորածին Ադամին կյանքի մի սիրուն ստարտ է ազդարարում:
Ընտանիքի երազանքն է, որ փոքրիկն ուժեղ լինի: Ադամն ապրիլից հետո արդեն ապրելու ուժ է տալիս: